ArmDaily.am-ն անդրադարձել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նրան ժամանակավոր փոխարինում էր տեղակալը՝ Ալբերտ Աբգարյանը։ Հայտնել էինք նաեւ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ամեն գնով փորձում է այս կառույցում ղեկավար դարձնել Սանասարյանի տեղակալներից՝ Արգիշտի Քյարամյանին։ Իսկ օրենքը թույլ է տալիս Քյարամյանին նշանակվել միայն այն դեպքում, եթե ավելի մեծ ստաժ ունեցող Ալբերտ Աբգարյանը հրաժարվի ժպ լինել։ Այսօր Ալբերտ Աբգարյանը հրաժարվել է ԺՊ լինել՝ պաշտոնը զիջելով Արգիշտի Քյարամյանին։ Մեզ հասած հավաստի տեղեկություններով Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է, քավորը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Նախկին ոստիկանապետի հետ կապը այսօր Արգիշտի Քյարամյանը հերքել է։ Մեզ հետ զրույցում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) նշեց, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի, Արգիշտին իր որդին չէ։ Երբ Սրբազանից հարցրեցինք իր քաղաքացիական անունը, նա վրդովվեց և նշեց.«Չհասկացա, հիմա դուք հեռախոսով ինչ եք ինձ ուզում ասել։ Ես ասում եմ, որ իմ ազգանունը Քարամյան է և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչու եք զանգահարել։Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։ Հարցին, թե ինչ ազգական է Արգիշտին իրեն, Սրբազանը պատասխանեց.«Իմ հորեղբոր թոռն է Արգիշտին։Աստծո օրհնությունը Ձեզ, Մնաք բարյավ»։
Դուսյա Ղազարյան