Մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատման կետում գտնվող գետնանցումը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում տեղի բնակիչներն ու անցորդները բողոքում էին գետնանցումի վիճակից։
Նրանց խոսքով՝ տարիներով այստեղ բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել, վերջին շրջանում միայն լուսավորության հարցն է լուծված։ Շատերը հրաժարվում են ընդհանրապես օգտվել գետնանցումից, մյուսներն էլ ստիպված են օգտվում, քանի որ երեխաների հետ են լինում։
«Երեխան սովորում է մոտակա դպրոցում, եւ շատ տհաճ է անցնել այս կողմով։ Տարիներ շարունակ այս վիճակն է։ Հարց է առաջանում՝ արդյոք չե՞ն տեսնում»,– ասաց բնակիչներից մեկը։
«Մտնում ես, շունչդ կտրվում է, նարկոզ ստացած դուրս ես գալիս։ Ցանկալի կլիներ մաքրվեր, սիրուն խանութներ լինեին, տարածքի անտեղի կորուստ չլիներ»,– ասաց բնակիչներից մեկը։
Գետնանցումի աշխատանքների մասին հետաքրքրվեցինք Երեւանի քաղաքապետարանից, որտեղից պատասխանեցին, որ աշխատանքներ են տարվում գետնանցումը բարեկարգելու ուղղությամբ։
«Նշված գետնանցումը Երեւան քաղաքի սեփականությունն է։ Հիմա պատրաստվում է մրցութային փաթեթ, փաստաթղթային փուլն է։ Մրցութային կարգով կտրվի վարձակալության»,– պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։