Վերջին շրջանում իշխանական թևում ակնհայտ ջղաձգումների ենք ականատես լինում: Փաշինյանին ինչ-որ բան անհանգստացնում է, և վերջինս փորձում է հակաքայլեր անել ինչ-ինչ սցենարներից խուսափելու համար: Սակայն ի՞նչ սցենարներ են դրանք: Օրինակ, «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն քննարկում է ՔՈ կուսակցության դիմումի համաձայն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Թե ինչ որոշում կկայացնի իշխող քաղաքական ուժը՝ դժվար է կռահել, սակայն սահմանադրության տեսանկյունից՝ ԲՀԿ հակաքայլերը այս պարագայում ավելի քան կանխատեսելի են: Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում ԲՀԿ-ին՝ դիմել որոշակի հակաքայլերի:
Մասնավորապես, Սահմանադրությունն ամրագրում է, որ խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, հետևաբար, անգամ առանց «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները: Սակայն արդյո՞ք դա հիմք կհանդիսանա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության հակասականությունը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Արդյո՞ք կխաթարվի կայուն մեծամասնությունը, եթե ԲՀԿ-ն վայր դնի մանդատները: Ո՛չ: Բացի այդ, նշենք, որ ըստ Սահմանադրության, 74.1 հոդվածի` Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ, երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում,
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:
Բայց, օրինակ, չի կարո՞ղ լինել տարբերակ, որ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ մանդատներն անցնեն «Լուսավոր Հայաստան»-ին, կամ խորհրդարանում երրորդ ուժի պարտադիր պայմանն ապահովվի հինգ տոկոսը չհաղթահարած, բայց դրան ամենից մոտ ուժին մանդատ տալով, ինչը կնշանակի, որ ԲՀԿ-ի հրաժարվելու դեպքում մանդատ կարող է ստանալ ՀՀԿ-ն:
Ինչպես տեսնում ենք՝ այս ճանապարհով արտահերթի հասնելու ԲՀԿ շանսերը բավականին քիչ են, կամ էլ անհրաժեշտ է այդ շանսերը պեղել գործող խճճված Սահմանադրության սարդոստայնում: Սակայն կա ևս մեկ սցենար: Օրինակ, նույն ԲՀԿ-ն, միավորվելով ԼՀԿ-ի հետ և իրենց կողմը գրավելով «Իմ քայլի» 10-15 պատգամավորի (իսկ դա չի կարելի բացառել՝ հաշվի առնելով վերջիններիս սկզբունքայունությունը և այն ներքին խնդիրները, որոնք առկա են «Իմ քայլում»), և այս պարագայում արդեն օրակարգում կարող է հայտնվել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը՝ իմպիչմենտը: Սակայն այստեղ էլ պարզ է, որ մինչև 2020-ի հունվար, իմպիչմենթի գործընթաց սկսել վերոնշյալ ուժերը չեն կարող: Դա բնավ չի նշանակում, որ Փաշինյանը կարող է հանգիստ նստել տեղը՝ ինչպես ինքն է սիրում ասել: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ դժգոհություն է հասունանում նաև իր քաղաքական թիմի ներսում, մասնավորապես, կապված կոռուպցիոն սկանդալների հետ, երբ Փաշինյանի հետ քայլածների մի մասը վրդովմունք է հայտնում, որ իշխանական կերակրամանից օգտվելը խիստ սուբյեկտիվ գործընթաց է, մի մասը հարստացել են, մյուսները դեռ յոլա են գնում: Եվ այստեղ սկսում է գործել՝ եթե նրանք ուտում են, ինչո՞ւ մենք չենք կարող նույնպես ուտել սկզբունքը: Փաշինյանը պետք է կարողանա կարգավորել նաև ներթիմային խնդիրները, հակառակ դեպքում՝ 10-15 հոգու ընդդիմադիր դաշտ տանելը տեխնիկայի հարց է:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ եթե Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա «Իմ քայլը» դժվար թե այդքան բարձր տոկոսներ հավաքի: Ավելին, արտահերթի դեպքում ԱԺ-ում կարող են հայտնվել, օրինակ, նույն ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում ակտիվացել է, քոչարյանական թևը նույնպես, չի բացառվում, որ հայտնվի խորհրդարանում, երկրորդ նախագահը մինչ օրս էլ խորհուրդ է տալիս՝ իրեն խաղից դուրս չթողնել: Հետևաբար, պարզ ու հասկանալի են վերջին շրջանում իշխանական թևում նկատվող ջղաձգումները: Փաշինյանը մտահոգ է…