Հայտնի աֆղանցի լրագրողուհի եւ քաղաքական խորհրդատու Մենա Մանգալը շաբաթ օրը՝ մի քանի օր անց այն բանից, երբ հայտարարել էր իրեն ուղղված սպառնալիքների մասին, գնդակահարվել է Քաբուլում՝ գրում է The Guardian-ը։
Հարձակումը տեղի է ունեցել հասարակական վայրում, ցերեկային ժամին եւ առաջացրել է կանանց իրավունքների պաշտպանների բուռն ցասումը։
«Այդ կինը արդեն հայտնել է, որ իր կյանքը վտանգի տակ է։ Ինչո՞ւ ոչինչ տեղի չունեցավ։ Մեզ պատասխաններ են պետք։ Ինչո՞ւ է այդ հասարակությունում (տղամարդկանց) այդպես հեշտ շարունակել սպանել այն կանանց, որոնք համաձայն չեն իրենց հետ»,- հարցնում է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով իրավաբան Վոժմա Ֆրոգը։
Ինչպես նշում է թերթը, մայիսի 3-ին Մանգալը իր մտավախություններն է հայտնել Facebook-ում՝ գրելով, որ իրեն սպառնալիքներով հաղորդագրություններ են գալիս, սակայն նա նաեւ հայտարարել է, որ ուժեղ կինը չի վախենում մահից, եւ որ ինքը սիրում է իր երկիրը։
Զոհված լրագրողուհու մայրը Twitter-ում տեղադրել է տեսանյութ, որում հայտնել է դստեր սպանության կասկածյալների անունները։ Նրա խոսքերով, նախկինում այդ մարդիկ առեւանգել են Մանգալին, սակայն հետագայում կաշառքի շնորհիվ ազատ են արձակվել։