Արցախի Հանրապետության որևէ նախագահ չի կարող գալ և միջնորդություն ներկայացնել, միջամտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրների մեջ գտնող «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Երբ Արցախը Հայաստանի մարզ դառնա, մենք վարչապետի կողմից նշանակված մարզպետ ունենանք, այդ ժամանակ կարող է ինչ-որ միջնորդություն լինել»,- նշեց Սեֆիլյանը:
Նա նշեց, որ մայիսի 27-ին պատրաստվում են կրկին ավտոերթ կազմակերպել «Արցախի մարզ»:
Հիշեցնենք, որ երեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ընթերցեց Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության տեքստը: Սակայն դատարանը նշեց, որ Սահակյանն ու Ղուկասյանը անձամբ պետք է ներկա գտնվեն դատական նիստին: Ըստ տարածված տեղեկությունների՝ վերջիններս առաջին իսկ դատական նիստին կներկայանան դատարան։
Նշենք նաև, որ սա Սահակյանի և Ղուկասյանի կողմից Քոչարյանին ազատ արձակելուն ուղղված առաջին դիմումը չէ. մայիսյան եռատոնից առաջ էլ նրանք դիմել էին դատախազություն` խնդրելով թույլ տալ Քոչարյանին մայիսի 9-ին ներկա գտնվել Արցախում անցկացվելիք տոնակատարություններին: