Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Շատերը սոցիալական կայքերում սա արդեն համարեցին արձագանք երեկվա դատական վճռին, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահների երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:
168.am-ը այս գրառման ու դրա հետևանքների վերաբերյալ զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:
Վերջինս նշեց, որ շոկի մեջ է, և այդ հայտարարությունը նշանակում է, որ դատարանների բնականոն աշխատանքը ընդհատվում է երկրի ղեկավարի կողմից, ինչը պարզապես սահմանադրական կարգի տապալում է: Մենք ինջնում ենք ցեղախմբային կարգավորման մակարդակի, և սրա հետևանքները կլինեն սարսափելի:
«Ես հույս ունեմ, որ սա մի ինչ-որ էմոցիոնալ հայտարարություն է, վարչապետը վաղը մինչև 8.30, պետք է այն շտկի և թույլ չտա` որևէ մեկը Հայաստանում ընդհատի որևէ դատարանի գործունեություն: Նորից եմ ասում, ես այս երկրի դատական համակարգի ամենամեծ քննադատներից եմ վաղուց, բայց դատական համակարգը փակելը և վերացնելը հարված է պետականությանը»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հայտնի փաստաբանը կարծում է, որ ամեն ինչ կախված է զարգացումներից, և եթե դատարանները չաշխատեն մի քանի օր, դա կնշանակի կոլապս, իսկ դատական իշխանության կոլապսը նշանակում է պետության կոլապս:
«Մեր ազգը, մեր պետությունը, հասարակությունը ունի ինքնապաշտպանական բնազդ, և այն հենց այն ժամանակ է առաջանալու, երբ իշխանության թևերից մեկը` դատականը, չգործի: Դա ինքնաբերաբար բերում է պետականության ամբողջական կորստի, որովհետև միջազգային իրավունքի որևէ սուբյեկտ արդեն Հայաստանի Հանրապետությանը կարող է վերաբերվել ամենաանլուրջ ձևով: Ինքնապաշտպանական բնազդն այն է, երբ արդեն չեն նայում` ինչ ասել է ժողովրդավարություն, բռնապետություն, բռնատիրություն. պետության ձևը էական չի, որովհետև էական է դառնում բուն պետության գոյությունը, և ցանկացած ներազդեցություն այդ դեպքում արդարացված կլինի: Իսկ այդ ներազդեցությունը կարող է ամենատարբեր ձևի լինել` և հեղաշրջում, և հեղափոխություն, և պարզապես բանակի ներխուժում երկրի ներքին քաղաքական կյանք: Դրանք շատ վատ բաներ են պետության համար, բայց այլընտրանք չի մնում»,- եզրափակեց Տիգրան Աթանեսյանը` հավելելով, որ այս կոչը հանցագործություն է պետության դեմ: