Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցում կոնֆլիկտներ են հասունանում։
Ծնողներից մեկը բողոքում է տնօրեն Հերմինե Դավթյանի ու դասղեկ Նարինե Ալեքսանյանի գործելաոճից ու դպրոցում տիրող մթնոլորտից։ Խնդրին արձագանքել է նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ տեսչական մարմինը կզբաղվի հարցով։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կարոլինա Մարկոսյանը, ում երեխպան սովորում է այդ դպրոցի ավարտական դասարանում՝ ասաց, որ այսօր խնդրի առաջ է կանգնել․ «Ի սկզբանե դասղեկի հետ համաձայնություն եղավ, որ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակից երեխան պետք է ավելի շատ բացակայեր դպրոցից, քանի որ դպրոցում դաս էին անում միայն ուսուցչի մոտ պարապող և ուսուցչին գումար վճարող աշակերտները, իսկ երեխայիս համար դրանք ժամավաճառության ժամեր էին. նա պետք է նստեր և նայեր, թե ինչպես է դասարանի մի մասը նստած պատրաստվում պետական քննություններին և ոչինչ չաներ, այնքան որ՝ ներկա ստանալու համար: Նրա քննությունները այլ են, շատ բարդ են, կապ չունեն պետական քննությունների հետ և մեծ ժամանակ է պահանջվում դրանց պատրաստվելու համար, մասնավոր համալսարան է (խոսքը Ֆրանսիական համալսարանի մասին է), որտեղ նա ամեն օր գնում է նախապատրաստական դասընթացների և օրվա ընթացքում նույնպես շատ ծանրաբեռնված է լինում»,- ասաց նա։
Ծնողի խոսքով՝ համաձայնություն է եղել, որ երեխան հաճախելու է դպրոց, գրավորները պարտադիր գրելու է, բայց այն օրերը, երբ ուղղակի պետք է գնար, հնարավորություն կունենար տանը մնալու և իր դասերով զբաղվելու․ «Փաստորեն դասղեկը ստել էր, և առանց մի բառ անգամ ասելու, երեխայի երեսին ժպտալով, բացակաները կանոնավոր կերպով դրել էր: Եվ երեկ առավոտյան, իհարկե, նորից ստելով, թե իբր մի գրավոր ունի բաց թողած, կանչում են դպրոց և հայտարարում, որ վերաքննությունն արդեն սկսված է: Դրանից մի քանի օր առաջ էլ երեխայի հորն էր կանչել տնօրենը և լկտիաբար հասկացրել, որ եթե գումար չվճարի՝ կարող են երեխային նույնիսկ նույն դասարանում թողնել։ Մի անիմաստ արհեստական սթրես, տնօրենի և դասղեկի բեմադրություն, որը կարող է անդրադառնալ երեխայի հոգեկան վիճակի և մի քանի օրից տրվող ընդունելության քննության արդյունքների վրա: Վերաքննությունը սկսվում է... դասասենյակում են 54 երեխա (մեծ մասամբ ծույլ և իրոք ոչինչ չանող տղաներ և մոտ 4 աղջիկ, որոնք իրոք զբաղված են եղել, և տնօրենը որոշել է օգտվել դրանից), անցնում է 40 րոպե, այդ վերաքննությունն այդպես էլ չի սկսվում, միայն մի 3 անգամ երեխաներին հանում են դասարանից և հետ նստեցնում, իսկ վերջում՝ ուսմասվարը հեգնանքով և քմծիծաղով ասում է. «Է հա, ի՞նչ ա եղել որ, ձեռք ենք առնում... դե հիմա էլ գնացեք՝ մի երկու ժամից էլի կգաք»»,- պատմեց Կարոլինա Մակոսյանը։
Նա նշեց, որ երեխային այդ դպրոց այլևս չտանելու պատճառները տարբեր են․ «Նախ ձևավորվեցին խմբեր, և ամեն աշակերտ պետք է ընտրեր այն 3 առարկան, որը պիտի քննություն տար համալսարանում։ Երեխայիս առարկաներն էին (հասարակագիտություն, հայոց լեզու, օտար լեզու): Հասարակագիտության համար երեխային ծիծաղելով ասել էին, որ ավելորդ խումբ բացելու հավես չունեն և թող եղածներից մի բան ընտրի ավելի լավ է (նա էլ կենսաբանություն էր ընտրել և Բժշկական համալսարանի դիմորդների հետ անիմաստ ժամավաճառությամբ էր նորից զբաղվում)։ Հաջորդը՝ այդ դպրոցի հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին, որը դասավանդում էր երեխայիս, ռուսերենի ուսուցչուհի է և թե ինչ էր տալիս երեխաներին՝ պարզ չէ, միայն այն էինք լսում, որ դասարանում լավագույն պատմություն իմացողները կանոնավոր 2-ներ էին ստանում` ըստ ուսուցչի տրամադրության, այսինքն՝ քաղաքական կողմնորոշման»,-նշեց Կարոլինա Մարկոսյանը։
Մեզ հետ զրույցում Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը՝ ասելով՝ եթե հարցեր ունեք՝ գրավոր ներկայացրեք․ «Չեմ տիրապետում՝ ինչի մասին է խոսքը և չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել։ Ես բանավոր ոչինչ չեմ կարող ասել։ Եթե հարցեր ունեք՝ ներկայացրեք նախարարության լրատվական բաժին, իրենք ինձ հարցում կանեն՝ կպատասխանեմ»,- ասաց դպրոցի տնօրենը։