Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Հարությունյան Մանուկյանը: Լևոն Երանոսյանը ներկա էր նիստին:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նիստի ժամանակ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չընդունեց՝ դրանք համարելով անհիմն:

«Իմ ծառայության ողջ ընթացքում, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում, գործել եմ՝ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային և պետական շահերին»,- նշեց Երանոսյանը:

Նիստի սկզբում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատարանում հարցաքննել այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետ, ներկայում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և այն ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ, ներկայում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ովքեր եղել են դեպքի վայրում։ Նրա փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը մերժել է այս միջնորդությունը։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ առաջարկելով միջնորդության քննությունը հետաձգել՝ մինչև ողջ ծավալով ապացույցները հետազոտելը։ 

Հաջորդ դատական նիստերը տեղի կունենան հունիսի 11-ից սկսած՝ յուրաքանչյուր երեքշաբթի օր: Հունիսի 11-ին նիստը կկայանա ժամը 13:00-ին, հունիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, իսկ հունիսի 25-ին՝ 15:00-ին, հուլիսի 2-ին և հուլիսի 9-ին ժամը՝ 11:00-ին:   

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը): ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել՝ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: