ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով: Այսպիսով՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այս տարվա հունվար-մարտին պետական բյուջե է վճարել 13 մլրդ 570.6 մլն դրամ։ Նշենք, որ 2018թ-ի հունվար-մարտին «Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 13 մլրդ 996 մլն 698.5 հազար դրամ հարկ։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 12.83 մլրդ դրամ հարկ։ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 6 մլրդ 6 684 մլն 445 հազար դրամի հարկ: Չորրորդ տեղում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ պետական բյուջե վճարած 4 մլրդ 544,4 մլն դրամով։ Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 4 մլրդ 295,1 մլն դրամ։ 2019 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը՝ վճարելով 3,9 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունը (3,7 մլրդ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (3,7 մլրդ դրամ), «Ակվիլիոն թրեյդ» ընկերությունը (3,4 մլրդ դրամ), «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը (2,7 մլրդ դրամ)։
 
2018-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկն ուներ հետևյալ տեսքը: Ցանկը գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա»-ն, որին հաջորդում էին «Գրանդ Տոբակո»-ն, «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Սիփիես Օիլ Քորփորեյշն»-ը, «Ալեքս Հոլդինգ»-ը, ՀԷՑ-ը, «Ֆլեշ»-ը, «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, «Յուքոմ»-ը և «Արմենիա Քափըր Փրոգրամ»-ը:
 
Փոփոխություններն ակնհայտ են: Բացի այդ, ակնհայտ է նաև Ակվիլոն Թրեյդի ներխուժումը առաջին տասնյակ: Պետռեգիստրի տվյալներով՝ «Ակվիլոն Թրեյդ» ՓԲԸ-ն գրանցվել է 2015 թվականի հունիսին։ Այս ընկերության անունը ոչ մի տեղ գրանցված չկա: Հնարավոր չէ պարզել՝ ինչով է զբաղվում: Թե ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում ինչպե՞ս է հաջողվել նման բարձր աճ ապահովել, հավանաբար պետք է հարցնել ՊԵԿ-ին։ Եթե դա իսկապես ստվերի կրճատման հաշվին է, անշուշտ, ողջունելի է։ Բայց եթե հարկային մարմինները դրան հասել են հայտնի ու անհայտ եղանակներով, ապա միայն պետք է մտահոգվել։ Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ նոր իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած, այլևս նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը եկամտային հարկի գծով առաջին եռամսյակում կատարել է -986 մլն դրամի պարտավորություն։ Հիմա սա ի՞նչ է նշանակում՝ Սամվել Ալեքսանյա՞նն է բյուջեին պարտք մնացել, թե՞ հակառակը: