Մի քանի օր է՝ Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկող երթուղայինները չեն աշխատում, վարորդները գործադուլ են անում։ Տևական ժամանակ է ինչ երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրենն ու աշխատակիցները բարձրաձայնում են, որ Երևան-Արմավիր-Երևան երթուղին ապօրինաբար սպասարկում են նաև այլ մեքենաներ, ինչը վնասում է իրենց գործունեությանը:

 

Երեկ՝ հունիսի 25-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրենց մոտ է հրավիրել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանին՝ պարզաբանելու ուղևորափոխադրումներ չիրականացնելու պատճառները: Ըստ Տեսչական մարմնի՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դ.1 կետի համաձայն՝ երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի, հանդիսանում է երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ վրդովված է Տեսչական մարմնի վերաբերմունքից:

 

«Տեսչական մարմինը ինձ հրավիրել էր ձեռք առնելու: Տեսչության պետի տեղակալը ժպտալով ասում է՝ դուրս եկեք աշխատեք, էսքան դիմացել եք, մի քիչ էլ դիմացեք, արդեն ամսի 1-ից թույտվություն ունենք ակտեր գրելու: Ես ծիծաղի, ձեռք առնելու առարկա եմ դարձե՞լ իրենց համար: Թող նախ իրենց պարտականությունները կատարեն: Այսինքն իրենք թույլ են տալիս, որ անօրինականները մտնեն գիծ թալանեն, ես էլ սպասե՞մ: 1 տարի է ոչ մի նախարար, փոխնախարար ու տեսչություն Կիլիկիա ավտոկայանին ուշադրություն չի դարձնում, ապօրինի աշխատող մեքենաներն էլ գնում կանգնում են, բա ինչի՞ չեն հանում էդտեղից: Էսքան փաստեր ունեք ա՛յ ընկերներ, ինչո՞ւ ոչինչ չենք անում: Իրենք ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում արած լինեն, միտումնավոր է արվում, որ իմ հիմնարկը վերանա, որովհետև եսիմ ում խոստումներ են տվել, որ էս գծերը իրենցն են լինելու: Բազմիցս հայտարարել եմ Կիլիկիա ավտոկայանի պետ Լաուրա Մկրտչյանը աշխատող չէ, 10 տարի թալան է անում»,- ասաց Խաչատրյանը:

 

Նա նշեց՝ ընկերությունը սնանկանում է, իսկ պատկան մարմիններն անգործության են մատնված. «Ամեն անգամ ինձ խաբելով, փափուկ բարձ դնելով գլխիս տակ՝ ժամանակ են սպառում: Էլ ի վիճակի չեմ սպասելու, ասել եմ ապօրինի գծերը կմաքրեն կաշխատեմ, չեն մաքրի՝ չեմ աշխատի: Մեկ տարի է դիմում եմ, ասում եմ՝ անօրինականությունները վերացրեք աշխատենք: Էդքան վարկ եմ վերցրել, մեքենաներ եմ ձեռք բերել, ներդրում եմ արել, բայց ոչինչ չեն անում, հիմնարկս հողին են հավասարեցրել»,- դժգոհեց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն:

 

Սոնա Հարությունյան