«Ցանկացած բնույթի ճգնաժամ, դա լինի քաղաքական թե սահմանադրական, երկու հիմնական պատճառ ունի իր ծագումնաբանության առումով։ Առաջինը՝ սահամանադրությունը' որպես պետության հիմնական օրենք, չի կարող իրացնել իրավական համակարգի բուրգի գագաթում գտնվող իր առաքելությունը, երկրորդը՝ սահմանադրությունը համապատասխանում է օբյեկտիվ ճշմարտությանը, սակայն կառավարիչները ապաշնորհ են և չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները։ Մեր այսօրվա իրավիճակում և՛ սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների կարիք ունի, և՛ ֆունկցիոնալները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Գլոբալ փոփոխությունների առումով անհրաժեշտ է պահպանել խորհրդարանական կառավարման ձևը' այն դնելով ադեկվադ շրջանակի մեջ։ Մենք իհարկե անցել ենք խորհրդարանական մոդելի, բայց իշխանությունների բաժանման, հավասարակշռման սկզբունքի խախտմամբ, ուստի անհրաժեշտ է պետական իշխանության մարմինների գործառույթները բերել իրենց համարժեք շրջանակի մեջ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Գործող սահմանադրության ո՞ր դրույթներն է պետք փոխել՝ հարցին ի պատասխան սահմանադրագետն ասաց, որ ժողովրդին պատկանող իշխանության կառուցակարգերը, երաշխավորի ինստիտուտը անհրաժեշտ է հստակեցնել, եթե նախագահականում ՀՀ նախագահն էր, ապա խորհրդարանականում չկա երաշխավորի ինստիտուտ, ինչպես նաև իշխանությունների բաժանման համակարգում էապես փոխել պետության գլխի՝ ՀՀ նախագահի կարգավիճակը, որպեսզի նա կարողանա հանդես գալ սահմանադրության երաշխավոր և կարողանա ապահովել պետական իշխանության ամբողջականությունը։ Ըստ նրա՝ սրա հետ մեկտեղ պետք է էապես սահմանափակել վարչապետի գերիշխանական լիազորությունները և դրանց հաշվին ավելացնել ԱԺ-ի վերահսկողական գործառույթները։

Այվազյանի խոսքով՝ վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչը սահմանադրության խախտում էր․ «Վարչապետի գերսուպերիշխանական լիազորությունները նրան իրավունք են վերապահում ոտնահարել ու շրջանցել սահմանադրության դրույթները։ Եթե վարչապետի լիազորությունների ծավալը լիներ հավասարակշռված, չեմ կարծում՝ նման վարքագիծ իրեն թույլ տար»,- նշեց նա։

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած տեսակետի մասին, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ է և հարկավոր է կազմի փոփոխություն իրականացնել, սահմանադրագետը չհամաձայնեց, թե ՍԴ-ում ճգնաժամ կա․ «Պարզապես Վահե Գրիգորյանի ոչ ադեկվատ հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք է տվել, սակայն անհրաժեշտ չէ մասնավոր, ոչ այնքան հիմնավոր տեսակետը ֆետիշացնել և դարձնել քննարկման առարկա։ Ինչ վերաբերում է կազմի փոփոխությանը, ապա ՍԴ նախագահն ու Վահե Գրիգորյանը մեկը մյուսին լիովին համապատասխանում են այն առումով, որ երկուսն էլ ՍԴ-ում լինելու իրավունքը չպետք է ունենային չափից ավելի քաղաքականացված լինելու պատճառով»,- ասաց Վարդան Այվազյանը։

 

Սոնա Հարությունյան