Վերջին շրջանում օբեյկտիվորեն աճել է երևանցիների դժգոհությունը՝ կապված քաղաքապետարանի աշխատանքի հետ: Ինչ խոսք, այդ դժգոհությունը մեծամասամբ տեղին է, բողոքն էլ' արդարացի: Սակայն արդարացի չէ, որ այդ բողոքի թիրախում հայտնվում է միայն քաղաքապետարանը, իսկ օրինակ' թաղապետարանների աշխատանքն ու այդ աշխատանքի որակը, կարծես, որևէ մեկին չի հետաքրքրում: Մինչդեռ մայրաքաղաքում առկա խնդիրների մի ստվար զանգված այդպես էլ չի լուծվում, քանի որ որոշ թաղապետեր, մեղմ ասած, իրենց տեղում չեն:
Օրինակ' դժվարությամբ կարող ենք հիշել, թե համայնքի բարեկարգման ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարվել Արաբկիրում: Վարչական համայնքի պաշտոնական ֆեսբուքյան էջը ավելի շատ հիշեցնում է Երևանի քաղաքապետարանի էջը, այն պարզ պատճառով, որ Արաբկիր համայնքի ղեկավարությունը, փոխարենը հպարտանա սեփական աշխատանքով, նախընտրում է կիսվել քաղաքապետի ասուլիսներով և ռելիզներով: Քաղաքապետարանից էլ իր հերթին աչք են փակում Արաբկիրի թաղապետարանում տեղի ունեցող կադրային ջարդի և հսկայական գումարներ կազմող պարգևատրումների վրա:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի պաշտոնական ֆեյսբուքյան էջից ևս չի երևում, թե այս մի քանի ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարկվել համայնքի բնակիչների կյանքի որակը: Փոխարենը մի լավ «խփել» են առողջապահության նախարարության գործին՝ սույն գերատեսչությունից ավելի օպերատիվ կերպով ներկայացնելով, թե մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում քանի երեխա է լույս աշխարհ եկել և սպորտի նախարարության գործին՝ նույնպես անխնա տարածելով այս կամ այն սպորտային միջոցառման վերաբերող տեղեկատվությունը:
Սա ընդամենը երկու օրինակ է, սակայն պարզից էլ պարզ է, որ երևանցիները չեն կարող գոհ լինել նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից: Վերջիններս, բառի բուն իմաստով, պարապուրդի են մատնված մի պարագայում, երբ համայնքների առջև ծառացած խնդիրներն օր-օրի ավելանում են…