Անցած մեկ տարվա ընթացքում սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության նախկին և ներկա ղեկավարները խոսում էին ոլորտում առկա կոռուպցիայի մասին: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս ընդդիմադիր լինելու տարիներին բազմիցս էր անդրադարձել ոլորտի վիճակին՝ նախկին ՀՀԿ-ական նախարար Արտեմ Ասատրյանին ամենակոռումպացված նախարար անվանելով: Անցել է գրեթե տարի ու կես, սակայն ոլորտում բացահայտումներից հանրությունը, չգիտես ինչու, չի ցնցվում:

Իհարկե դրանք կան. պարբերաբար հայտարարվում է մարզային ծառայությունների բաժնի պետերին, տեղակալներին և այլ մանր չինովնիկներին հանցանքի պահին բռնելու մասին: Արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր երկրում սոցիալական ապահովության ոլորտում առկա թալանի հիմնական շահառուները և պատասխանատուները ստորին օղակի աշխատողներն են, մինչդեռ դա այդպես չէ: Եթե Փաշինյանի և իր թիմակիցների նախանշած կոռուպցիան իրականում այդ ծավալների էր, ապա այսօր մենք պետք է առնվազն նախարարների և փոխնախարարների կալանավորման մասին լսեինք:

Հասկանալի է չէ՞, որ տարածքային ծառայության պետերը միայնակ չեն կերել և, ըստ էության, աշխատել է երկար տարիներ գործող սխեման, երբ ստորին օղակները փայ են վճարում վերադաս մարմիններին և այլն: Ժամանակին Սերժ Սարգսյանը պահանջում էր իրավապահներից բռնել խոշորների գլխից, այն ժամանակ իհարկե հասկանալի է, որ նման պահանջ-հայտարարությունները արվում էին հիմնականում պոպուլիզմի ժանրում, սակայն տրամաբանական կլիներ, որ Նոր Հայաստանում կոռուպցիոն գործերի բացահայտման ընթացքում իրավապահների թիրախից չվրիպեին հենց այդ նույն խոշորները: Հակառակ դեպքում՝ Հայաստանի հպարտ շարքային քաղաքացին կարող է եզրակացնել, որ կամ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմով էր զբաղված, երբ ողջ պետական համակարգը մեղադրում էր կոռուպցիայի մեջ թաղված լինելու մեջ, կամ էլ այդ կոռուպցիան իրականում էլ կար, ընդ որում՝ հենց նման մասշտաբներով, սակայն այսօր իշխանությունները, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն ցանկանում նկատել խոշորներին՝ ընկնելով մանր ձկների հետևից…