Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ մինչ այդ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովի կայքէջի տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետը կլինի համաժողովի կարևոր հյուրերից մեկը: Ընդ որում՝ ֆորումի պաշտոնական կայքում Փաշինյանի մասով արված հայտարարությունը ուներ որոշակի ենթատեքստ. վարչապետը ոչ թե կարող է մասնակցել, այլ կմասնակցի: Տարբեր կարծիքներ են տարածվում, թե ինչը ի վերջո ստիպեց հայկական կողմին հրաժարվել Լեհաստան մեկնելու մտքից: Կա տեսակետ, որ Փաշինյանը չի ցանկանում բացակայել երկրից այն օրերին, երբ հանգուցալուծման փուլ է մտնելու Ամուլսարի շահագործման հարցը: Մինչև սեպտեմբերի 4-ը շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը պետք է վարչապետին պատասխանի՝ լինելո՞ւ է նոր ՇՄԱԳ, կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ: Եթե նախարարությունն ասի, որ նոր ՇՄԱԳ՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնելու կարիք չկա, ապա դա մեծ հավանականությամբ նշանակում է, որ վարչապետը պետք է հայտարարի Ամուլսարի շահագործման մասին:
 
Սակայն նման զարգացումները կանխատեսելը դժվար չէր, և եթե լեհական կողմը հայկական կողմին հրավեր է ուղարկել նախապես, իսկ դա ավելի քան տրամաբանական է և համապատասխանում է նման միջոցառումների պրոտոկոլային պահանջներին, ապա հայկական կողմը ի սկզբանե կարող էր մերժել մասնակցությունը՝ քաջ գիտակցելով, որ նպատակահարմար չէ այդ օրերին լեհական առողջարանային քաղաքում քննարկել արտաքին քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները, մի պարագայում, երբ սեփական երկրի առողջարանային քաղաքներից մեկում իրավիճակը պայթյունավտանգ է:
 
Սակայն այս մերժումը կարելի է դիտարկել նաև այլ՝ հայ-ամերիկյան կամ եթե կուզեք ՀՀ-արևմուտք հարաբերությունների համատեքստում: Վերոնշյալ ֆորումը համարվում է լեհական Դավոս և «մաքուր արևմտյան» ֆորումների շարքին է դասվում: Երեկ ՀՀ արտգործնախարարը, խոսելով ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին, տողատակով հասկացրեց ներկաներին, որ անվտանգության, տնտեսական և քաղաքական զարգացման հենք հայկական կողմը դիտարկում է ՌԴ-ին և ոչ թե ԱՄՆ-ին, չնայած որ ԱՄՆ-ին էլ Զոհրաբյանը աչքաթող չարեց: Սակայն եթե անգամ մի կողմ դնենք ՀՀ արտգործնախարարի նման մեսիջները, ապա վերջին ամիսներին հայ-ամերիկյան հարաբերությունները, մեղմ ասած, սառած են: Հայկական պատվիրակությունները անպտուղ այցելում են Վաշինգտոն, Հայաստանը հրաժարվում է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին, իսկ Փաշինյան-Թրափմ հանդիպումը, ինչպես երևում է, սարերի հետևում է: Այս համատեքստում գուցեև հենց հրավիրող կողմի համար է ՀՀ արտգործնախարարի տողատակով արված մեսիջները վերջին կաթիլը դարձել, և գուցե հենց հրավիրող կողմն է չեղարկել ՀՀ վարչապետին ուղղված իր հրավերը…