«Ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում` տեսնելով մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել»,- մի առիթով խոստովանել է Հասմիկ Պապյանը:

Այսօր` սեպտեմբերի 2-ին, աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի «պրիմադոննա» Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է:

Երգչուհին նշում է իր ծննդյան 58-րդ ամյակը: Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան:

 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատար:
     Որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս միջազգային ասպարեզ և ելույթներ է ունենում աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում և թատրոններում: Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է, նաև, հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:


     Նրա հայրենասիրությունը միայն մշակութային արժեքների պահպանմամբ չի դրսևորվում. նա մեծ հայրենասեր ու սրտացավ հայուհի է, ով մշտապես հայրենիքի հետ է ու արձագանքում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Թավշյա հեղափոխույունը նա դիտարկում է որպես ազգային զարթոնք և այդ օրերին նա հայրենիքում էր ու սատարում էր ժողովրդական շարժմանը: