Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել է Բախտաձեն Facebook-ի իր էջում:

«Ինձ համար մեծ պատիվ էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել է նա:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:

Վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: