ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։ Քոչարյանի աջակիցները պահանջում են կատարել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել 2-րդ նախագահին, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել է «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՍԴ որոշման հիմքով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվելու է այսօր՝ սեպտեմբերի 17–ին։