Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
«Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է եւ իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժիներական, մետալուրգիական եւ կիբեռնետիկայի ֆակուլտետներ բացելու հարցերը՝ իրենց փորձարարական լաբորատորիաներով հանդերձ։ Բյուրականի Աստղադիտարանի արդիականացումը եւ ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցիչների մշակումն ու տեղադրումը... Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները՝ ինչու՞ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող «Պետրիոտներ» ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից: Ու ԱՄՆ-ին հասկացնել, որ հայկական կողմը Լավրովի պլանին դիմակայելու է միանշանակ, եւ ԱՄՆ-ի օժանդակության կարիքն ունի: Գոնե՝ չխանգարելու համար: Ու էլի մի տասնյակ հարցեր, որ չեն կարող բարձրաձայնվել, բայց պիտի քննարկվեն, որ կոնկրետություն ունենանք ու առաջ գնանք»,–նշել է նա: