«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել իշխանության ոտքի տակը, ծնկի կբերվեն:

Հարցին, թե երկրի քաղաքական վիճակի մեջ որեւէ անհանգստացնող բան տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկությունները, Կաթողիկոսը պատասխանեց.

«Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները իրենց բարվոք լուծումը կստանան»: