Այն ամենն, ինչ տեղի է ունենում ամիսներ շարունակ, որևէ առնչություն չունի հավաքների ազատության հետ, որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատություն։ Այս մասին այսօր «Բաց հասարակության հիմնադրամ»-ի գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառանաալով ՎԵՏՕ շարժման անդամների իրականացրած ակցիաներին։
Հարցին, թե ինչպես է նա գնահատում իրավապահների աշխատանքը, Գայանե Աբրահամյանը պատասխանեց․
«Ես ևս դժգոհ եմ եղել այս մի քանի ամիսների ընթացքում ոստիկանների աշխատանքից, և այս մասով հանդիպում ենք նախատեսում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որովհետև կարող եմ ուղղակիորեն ասել, որ բացարձակ անգործության է մատնված եղել ոստիկանությունը, այսինքն՝ զուտ ներկա լինել և փորձել պաշտպանել իբրև թե խաղաղ հավաքի իրավունքը ուղղակիորեն անհնար է, որովհետև դա խաղաղ հավաք որևէ կերպ չէինք կարող բնորոշել, դա խաղաղ հավաք չէր, դա հանրային տարածքի ուղղակի զավթում էր և մարդկանց ազատ տեղաշարժի, աշխատանքի իրավունքի խախտում և ատելության խոսքի բռնության կոչի տարածում։ Սա ուղղակիորեն ֆաշիզմ է, որն այս ընթացքում տարածվում էր։ Ինձ համար կարմիր գծի սահմանն այն էր, երբ այստեղ ուղղակիորեն թիրախավորվեցին ուսուցիչները, որոնք ամռան բոլոր ամիսների ընթացքում մարզերում երեխաներին հիմնադրամի աջակցությամբ անվճար սովորեցնում էին, հայերեն, մաթեմատիկա, սովորեցնում էին գնահատել կրթության արժեքը»։