Տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ առավելագույնը 1 տարի. կենդանիների նկատմամբ քրեականացնող օրինագիծը ընդունվեց։ Ազգային ժողովը 74 կողմ, 11՝ դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը' առաջին ընթերցմամբ:
Նախագիծը լրամշակվել է և այժմ կրկին քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, հայտնում է iravaban.net-ը:
Նախագծով նախատեսվում է տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին. «Սա կենասական հարց է բոլորիս համար»: