Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկ տված հարցազրույցը լուրջ իրարանցում է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Բանն այն է, որ Բալասանյանը հերթական անգամ լուրջ քննադատության է արժանացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հատկապես Արցախի հարցում, ընդհուպ մինչև վերջինին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ինչ-ինչ գործարքների գնալու հարցում լուրջ մեղադրանք հնչեցնելը: Իրականում Բալասանյանը առաջին անգամ չէ, որ նման կոշտ գնահատականներ է հնչեցնում, սակայն, թերևս առաջին անգամ է ստանում նման կազմակերպված հակադարձում: Ընդ որում ուշագրավ է, թե ովքեր են հատկապես «նեղվել» գեներալ Բալասանյանի բացահայտումներից՝ սորոսականները և Սասնա Ծռերը: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարի մեսիջը թերևս հետևյալն է՝ Փաշինյանը շեղվել է պետականամետ գծից: Սա նորություն չէ, այս մասին ակնարկել է անգամ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կապված են զինված ուժերի հետ:
Հարկ է նաև ընդգծել, որ Բալասանյանի առաջ քաշած թեզը, թե Արցախում որոշակի խաղ է գնում և կա առևտուր՝ նոր չէ: Այս մասին խոսել է թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր կալանավորումը պայմանավորում էր հենց վերոնշյալ ծրագրերին խանգարելու հանգամանքով, թե՛ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանը, ով իր հնարավոր կալանավորումը պայմանավորեց վերոնշյալ ծրագրերին ՝ որպես ՍԴ ղեկավար անձ խոչընդոտելու հանգամանքով: Այժմ էլ այդ մասին խոսում է Վիտալի Բալասանյանը, ով ըստ էության բարձրաձայնում է ոչ միայն իր, այլ Արցախի գեներալիտետի մոտեցումը: Այս գործիչների կալիբրները անշուշտ տարբեր են, սակայն նրանք երեքն էլ ինչպես տեսնում ենք «դիրքավորվում» են հենց Արցախի հարցում, ահազանգելով, որ հենց այստեղ է անհրաժեշտ հանրության մտահոգ հատվածի մոբիլիզիացիան:
Վերջին հարցը վերաբերվում է նրան, թե ինչու են այդպես անհանգստանում սորոսականները: Բանն այն է, որ Արցախում սպասվող նախագահական ընտրություններում սորոսականները կարծես թե արդեն ունեն ֆավորիտ և դա Մասիս Մայիլյանն է: Այս համատեքստում հասկանալի է սորոսականների անհանգստությունը Վիտալի Բալասանյանի նախազգուշացնող մեսիջներից հետո: Բալասանյանը ոչ միայն բացահայտում է վերջիններիս ծրագրերը Արցախի շուրջ տարվող առևտրի հարցում, այլ մի բան էլ լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ իրենց սրտի թեկնածուի հաղթանակը ապահովելու համար…