Սպառողների իրավունքերը անընդհատ ոտնահարվում են, ոլորտը չի վերահսկվում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը:

«Իրենց հետ անհնար է աշխատել: Հիասթափված ենք, որ ունենք նման ղեկավար: Ոլորտը բացարձակ չի վերահսկվում: Այնպիսի տպավորություն է՝ ասես ով ինչ ուզում անում է»,- ասաց Ալեքսանյանը:

Հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ մի քանի անգամ փորձել է հարց բարձրացնել Հայաստան ներկրվող բելառուսական մսի վերաբերյալ. «Շատ եմ ուզում, որ այդ միսը լաբորատոր փորձաքննություն անցնի: Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այն անվտանգ է»:

Ըստ Ալեքսանյանի՝ ոլորտն ամբողջությամբ  մեծ ու փոքր խնդիրների մեջ է: Հատկապես լուրջ խնդիր է համարվում ժամկետնանց սննդամթերքը, քանի որ մթերքների մեծ մասի պիտանելիության ժամկետը կեղծվում է և վաճառվում Երևանի փոքր խանութներում ու մարզերում:

 

«Ըստ էության՝ հենց ժամկետնանց սննդի հարցը մնում է առաքիչների խղճին»,- նշեց նա:

ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանն ամբողջությամբ կիսում էր մյուս բանախոսի մտահոգությունները. «Նախկինում մենք ձուկ էինք արտահանում Ռուսաստան, իսկ հիմա՝ ոչ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատահեց: Եղավ այն, որ Ռուսաստանում լաբորատոր քննությունը բացասական արդյունք ցույց տվեց և նրանք հրաժարվեցին մթերքից»:

Գալստյանի համոզմամբ՝ նույնը եղավ նաև հանքային ջրերի հարցում: Նա նաև նշեց, որ չի հասկանում, թե ինչպես են ընտրում այն ընկերությունները, որոնց արտադրանքը վաճառվում է մեր երկրում. «Գիտեք չէ՞, որ մեր խանութներում, այն էլ՝ մեծ խանութներում, պակիստանական բրինձ է վաճառվում: Իսկ Պակիստանը Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամ պետություն է»:

 

Բանախոսները միաբերան պնդում էին, որ Հայաստանում սպառվող սնունդը, լինի տեղական, թե ներկրված՝ լուրջ վերահսկողության կարիք ունի:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պետի պաշտոնը զբաղեցնում է Գեորգի Ավետիսյանը, ով նշանակվել է Թավշյա հեղափոխությունից հետո:

Լուսինե Մարդոյան