Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել ՌԴ քաղաքացի՝ 63-ամյա Ղարիբ Մ-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին Երևան-Մոսկվա 1861 չվերթով Մոսկվա մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում հաշվառումն անցկացնելուց հետո օդանավ նստելուց առաջ օդանավակայանի աշխատակիցները ստիպել են, որ իր ձեռքի ուղեբեռը, որում եղել են անձնական իրեր և խոշոր չափի ԱՄՆ դոլար, հանձնի օդանավի բեռնախցիկ։

Դիմումատուն հայտնել է, որ հանձնելուց հետո օդանավակայանի աշխատակիցները այն կնքել են պլաստմասե կնիքով և տեղափոխել օդանավի բեռնախցիկ;

Ղարիբ Մ-ն, հասնելով «Շերեմետևո» օդանավակայան, նկատել է, որ ուղեբեռի պլաստմասե կնիքները բացակայում են և միջից գողացել են նշված գումարը։

 

Այդ մասին սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության «Շերեմետևո» օդանավակայանի գծային բաժնում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 63 հազար ԱՄն դոլար։