Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ' մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում' առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:
Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:
Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:
Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն' հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները' համապատասխան
միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: