Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շինարարական փուլն ընթացքի մեջ է և շարունակվում են ջրանցքների, ջրատարների հիմնանորոգման, շինարարական աշխատանքները:
Ջրային տնտեսության ԾԻԳ-ը տեղեկացնում է, որ ծրագրում ընդգրկված է նաև Կոտայքի ջրանցքի գլխամասային թունելի վթարային վիճակը չեզոքացնելու խնդիրը, քանի որ թունելը վերականգնելը շատ մեծ ծախսեր ու ժամանակ է պահանջում և այդ ճանապարհով գնալը կհանգեցներ տևական ժամանակով շուրջ 6000 հա հողատարածքների ոռոգման խափանմանը: Խնդիրը կարգավորելու նպատակով ընտրվել է ավելի արագ և նվազ ծախսատար ճանապարհ․ որոշվել է կառուցել թունելը շրջանցող ջրատար՝ ջրանցքի սպասարկման տարածքում անխափան ոռոգում ապահովելու և ջրի կորուստները նվազեցնելու համար։
Շինարարությունը սկսվել է 2019թ․ օգոստոսին, կտևի շուրջ 1 տարի։ Ջրատարը կառուցվում է 1220մմ տրամագծով մետաղական խողովակներով, 2 զուգահեռ ճյուղերով, որոնց ընդհանուր երկարությունը 976մ է: Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարի շինարարությունն իրականացվում է Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ, «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնման բաղադրիչի շրջանակում, մրցույթով ընտրված «Եղվարդշին» ընկերության կողմից:
Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ կատարվել են ջրատարի ուղեծրի բնահողի կտրման աշխատանքները, փորվել է 230մ խրամուղի, մոնտաժվել է 264 գծամետր մետաղական խողովակ: Այս խնդրի լուծմամբ կբարելավվի Կոտայքի տարածաշրջանի ոռոգելի հողատարածքների ջրապահովման մակարդակը, կորուստներն էապես կնվազեն։
Ջրային տնտեսության ԾԻԳ-ի մասնագետները պատշաճ վերահսկում են շինաշխատանքների ընթացքը, պարբերաբար այցելում նաև շինտեղամասեր։ Շինարարության տեխնիկական հսկողությունը մրցույթով ստանձնել է «Ջրտուք» ՍՊԸ-«Մոդուլ» ՍՊԸ-ՃՇՀԱՀ համատեղ ձեռնարկությունը, իսկ հեղինակային հսկողությունն իրականացնում է կառույցի նախագծող՝ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն: