Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կենդանաբանական այգու կենգուրուներին հոշոտած շների լուսանկարները ու կից գրել. «Որոշ լրատվականներ և ընդդիմադիր գործիչներ արդեն երկու օր է խոսում են կենդանաբանական այգում տեղի ունեցած ցավալի միջադեպի մասին, սակայն որպես հանցավոր կողմ թիրախավորում են «հրեշ» թափառող շներին, որոնք, իբրև թե, գզել են կենգուրուներին… ես հասկանում եմ, որ թիրախավորելով այս չքնաղ ձագուկներին, որոնց նկարը ստորև տեղադրել եմ դուք թիրախավորում եք թափառող կենդանիների ՀՈԱԿ-ը, հետևաբար քաղաքապետարանը, բայց սա բացի ծիծաղից ոչինչ չի առաջացնում: Սիրելի «Լույս» խմբակցություն, ես չափազանց կարևորում եմ ընդդիմության աշխատանքը և ձեզանից ակնկալում ավելի լուրջ աշխատանք:
Հ.Գ. օպերատիվ հետախուզության արդյունքում բերման ենթարկվեց հրեշավոր հանցախումբը: Հրեշները 4-5 ամսական շնանման կենդանիներ են»:
Վարդանյանի գրառմանն արձագանքել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը։
Խաչատրյանը գրել է. «Ես չեմ ծիծաղում ես լացում եմ ձեր վրա», ինչին Վարդանյանը շատ կոշտ է արձագանքել. «Միգուցե ցանկանում էիր ասել, որ հուզվա՞ծ ես, որովհետև չեն լացում մարդու վրա, այլ լացում են մարդու համար։ Մենք էլ չենք մահացել Անի ջան էդքան մի հուզվի», իսկ Խաչատրյանը արձագանքել է. «Հա շատ հուզված եմ,տեսնելով քաղաքային իշխանության որակը հուզվելը մեղմ է ասված»:
Իսկ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Հարգելի քայլական, այս շների նկարը տեղադրել է ՀՈԱԿ-ը, մի շատ ծիծաղելի տեքստով։ Ամենևին մենք չի, որ այս շներին մեղադրում ենք հրեշաբար համաձայնության մեջ։ ՀՈԱԿ-ի փոխանցմամբ նրանք ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ ԵՂԵԼ տեղի ունեցածին»։ Նուարդ Վարդանյանը արձագանքել է. «դա ՀՈԱԿ-ի տեսությունը չի,դա բողոքն է եղել կենդանաբանական այգու կողմից: Փաստերի խեղաթյուրումը ձեր սիրելի զբաղմունքն է»։
Սրան ի պատասխան Խաչատրյանը հորդորել է Նուարդ Վարդանյանին չափերը չանցնել, այլապես կհիշեցնի նրանց սիրելի զբաղմունքի մասին. «Նուարդ Վարդանյան ջան արի մի ստիպի սիրելի զբաղմունքներից խոսել, այլապես... Հա ու չափերդ չանցնես, նայի չխեղաթյուրեմ քեզ»։