Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը` Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՔԾ-ն հետախուզում էր հայտարարել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ․ «ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն»,- ասվում էր ՀՔԾ հայտարարության մեջ: