ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է գրառմամբ, որում համեմատություն է անցկացվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Լևոն Մկրտչյանի ունեցվածքի միջև:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը 1990 թվականից եղել է ՀՅԴ խմբակցության անդամ, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։ ՀՅԴ խմբակցությունից Աղազարյանը հեռացել է 1998 թվականին, 2018 թվականից Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Նախկին գործընկերոջ գրառման կողքով անտարբեր չի անցել դաշնակցական Միքայել Մանուկյանը, ով մեկնաբանություններում գրել է՝ «Ամոթ քեզ»:

Աղազարյանն իր հերթին փորձել է արդարանալ՝ մեկնաբանելով. «Եթե ինչ-որ բան այն չէ, կարող եմ ներողություն խնդրել: Հակառակ դեպքում էլ ես կլռեմ»:

 

Քննարկմանն է միացել նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով շտապել է Աղազարյանին հիշեցնել իրենց փառավոր անցյալը. «Հովիկ ջան։ Արի քո կոլեգա նորաթուխ մի քանի պատգամավորների ունեցվածքը հրապարկեմ, քոնի հետ համեմատած։ Հա, ի դեպ, սեփականության մասին էլ մեր տղերքը կարող են խոսել, որ տարիներ առաջ արդարույթունը վերականգնեցին։ ՀԻՇՈՒ՞Մ ես», ապա, խոսքն ուղղելով Միքայել Մանուկյանին, ավելացրել է. «Լռեեեեեմ։ Միքայել ջան։ Հովիկը թող ամաչի։ Տղամարդու ամոթն ուրիշ է։ Եթե ունի»։

Ի պատասխան Գեղամ Մանուկյանի՝ Աղազարյանն էլ գրել է. «Մի բան էլ հիշեցի մեր, իսկապես, փառավոր անցյալից, երբ մեր ընկերներից մեկի հայրը եկավ մեր տուն և ասաց, որ ես փրկել եմ իր որդու կյանքը»: