Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ նստացույց է՝ նրա հրաժարականի պահանջով: Նստացույցը իրականացնում են ՀՅԴ երիտասարդները, նաև մի շարք ուսանողներ պետհամալսարանից: Առիթը բուհերի գործունեության մեջ փոփոխության մտադրությունն է, որը Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ոչ պրոֆիլային ֆակուլտետների համար, թողնում է բուհերի ղեկավարությունների որոշմանը: Լուրջ խնդիր է դա թե ոչ՝ կարելի է երկար քննարկել, մի բան, սակայն, ակնհայտ է, այսօր կրթության ոլորտին առընչվող քննարկումները հանրային օրակարգում գերակա դեր են զբաղեցնում, քաղաքական ուժերը, առանձին շարժումները, եթե նույնիսկ չեն միանում ուսանողների պահանջներին, առնվազն արտահայտում են իրենց կարծիքն ու գնահատականը: Հարցին վերաբերվող հայտարարություններով են հանդես եկել ՀՅԴ-ն, անգամ ՀՀԿ-ն, բազմաթիվ դասախոսներ, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, ակտիվիստներ, կրթության ոլորտի փորձագետներ:
 
Այս համընդհանուր աժիոտաժի ֆոնին, ուշագրավ է այն անձանց և կառույցների լռությունը, ովքեր դեռևս ամիսներ առաջ փորձում էին իրենց դիրքավորել, իբրև կրթության ոլորտում որակի բարելավման, ուսանողների իրավունքների համար մղվող պայքարի առաջամարտիկներ: Խոսքը առաջին հերթին «Ռեստարտ» նախաձեռնության մասին է, այն երիտասարդների, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից և երկար պայքարելուց հետո՝ ի վերջո հասան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բաղձալի հրաժարականին: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամին: Պետք է փաստել, որ ԵՊՀ ռեկտորի հրաժարականից հետո ռեստարտցիները լուրջ մտահոգություն չեն դրսևորում ո′չ ԵՊՀ խնդիրների, ոչ էլ Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ , առավել ևս չեն պահանջում տոտալ ռեստարտ: Առնվազն տարօրինակ է, որ պատեհ-անպատեհ առիթների կրթական բարեփոխումների առաջարկ հնչեցնող, ծրագրեր առաջարկող սորոսական երիտասարդները լռում են հենց այս պահին, երբ իսկապես պետք է գործուն մասնակցություն ունենային ծավալվող գործընթացներին:
 
Այսօր լռում են նաև այն իմքայլականները, ովքեր ժամանակին պնդում էին, որ կրթական ռեֆորմները անհնար է անցկացնել առանց ուսանողության ձայնը լսելու: Օրինակ, հետաքրքիր է իմանալ, իսկ ինչ է մտածում այսօր ծավալվող շարժման մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, պորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով իրեն համարում է «ուսանողների շահերի թիվ մեկ պաշտպանը» Հայաստանում: «Պաշտպանի» ծպտունը, սակայն, մինչ օրս չի լսվել, վերջինս անգամ հրաժարվել է պատասխանել՝  խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին, չնայած՝ պարտավոր էր դա անել՝ ի պաշտոնե:
 
Չի լսվել նաև կրթական ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մեկ այլ իմքայլականի՝ Հովհաննես Հովհաննիսյանի ձայնը, վերջինս մի քանի ամիս կրթության և գիտության փոխնախարար էր, այնուհետև ստանձնելով ԱԺ մանդատը՝ կենտրոնացել է հենց կրթական ռեֆորմների իրականացման վրա: Ի՞նչ է մտածում ռեֆորմիստը այսօր ծավալվող քննարկումների, ակցիաների և ուսանողների պահանջների մասին: Հովհաննիսյանի լռությունը կարող է նաև այլ պատճառ ունենալ, արդեն մի քանի օր է ինչ մամուլը ակտիվորեն քննարկում է վերջինիս՝ կրթության և գիտության նախարար դառնալու բաղձալի երազանքը, որը կարող է իրականություն դառնալ, եթե սայթաքի Արայիկ Հարությունյանը:
 
«Իմ Քայլ»-ի մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանն էլ հայտարարում է, որ այսօր ուսանողների պահանջները արդարացված չեն: Ի դեպ, նույն Սոֆիա Հովսեփյանը հեղափոխության օրերին ԵՊՀ մոտ ուսանողներին դասադուլի կոչ էր անում: Ստացվում է, այն ժամանակ ՝ նպատակին հասնելու այդ քայլը արդարացված էր, Նոր Հայաստանում՝ արդեն ոչ:
 
Այս ամենը վկայում է այն երկակի ստանդարտների մասին, որոնք այսօր, ցավոք սրտի, մեծ տեղ ունեն հայաստանյան քաղաքական դաշտում: Մարդիկ, ովքեր դեռ երեկ այս կամ այն ոլորտում պայքարի առաջամարտիկներ էին, այսօր կարող են մոռանալ այդ հանգամանքի մասին և քաղաքական, իսկ գուցե նաև անձնական դրդապատճառներից ելնելով՝ քար լռություն պահպանել՝ ամիսներ անց դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել սկզբունքայնության և բռնած պայքարի ուղին չդավաճանելու անհրաժեշտության ու կարևորության մասին..․