ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից, Կամո Քոչունցին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Վաչագան Ներսիսյանին գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել 2018-ի մայիսի 24-ին։ Եթե այսպիսով Փաշինյանը փորձում է ձերբազատվել նախորդ ռեժիմի կադրերից, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա ավելի վաղ չէր անում, ինչո՞ւ էր Հակոբյանին Նոր Հայաստանում նման բարձր պաշտոն տալիս: Հակոբյանին հեռացնելու պատճառները կարող են տարբեր լինել, սակայն, ըստ էության, ամենահավանական պատճառն այն է, որ Հակոբյանին չներեցին վերջին շրջանում արված մեսիջները, հատկապես, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների քննադատությունը: Հակոբյանին հնարավոր է չներվեց նաև «Մարտի 1»-ի գործով տրված ցուցմունքը, որտեղ վերջինս պնդել է, որ այդ օրերին Արցախից զորքեր Երևան չեն բերվել: Ըստ էության, ի տարբերություն օրինակ նույն Օգանովսկու՝ Հակոբյանը չի ցանկացել ցուցմունք տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
 
Կա նաև մեկ այլ հնարավոր պատճառ և այն նույնպես կապված է «Մարտի 1»-ի քրեական գործի հետ: Հավանական է, որ գործի քննության արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն թիրախավորում են Հակոբյանին և վերջինիս արդեն չի օգնի անգամ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապը: Հատկապես, որ Հակոբյանին մեղադրանք առաջադրելը կարող է արթնացնել «Մարտի 1»-ի քնած գործը: Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես, «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանը, Անդրանիկ Քոչարյանը խոսում են 2016-ին բանակում առկա թալանի մասին՝ պայմանավորված պատերազմի հավանականության մասին՝ անուղղակիորեն թիրախավորելով նաև Հակոբյանին: 2016-ից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ Հակոբյանին մեղադրում էին ՊՆ-ում սեփական բիզնես շահերն առաջ տանելու մեջ:
 
Հավանական է, սակայն, որ Հակոբյանին պաշտոնից ազատելը որևէ քրեական գործի հետ կապ չունի, այլ կապված է Արցախում նախընտրական զարգացումների հետ: Մամուլը գրել էր այն մասին, որ հնարավոր է՝ Արցախում իշխանությունների թեկնածուն լինի հենց Մովսես Հակոբյանը: Բանն այն է, որ Փաշինյանին Վիտալի Բալասանյանին հակադրելու համար անհրաժեշտ է այսպես ասած՝ նույն կալիբրի, ասել է թե՝ ռազմական գործիչ: Նա քաջ գիտակցում է, որ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը իրենց ողջ ռեսուրսային բազայով հանդերձ իդեալական թեկնածուներ չեն՝ նրանք քաղաքական դեմքեր են, մինչդեռ Արցախում ռազմականի և քաղաքականի միջև պայքարում, առաջինը հաղթելու շատ ավելի լուրջ շանսեր ունի: Սամվել Բաբայանի խաղաքարտը, կարծես թե, ձախողվել է, գուցե Փաշինյանը այսպիսով փորձում է խաղի մեջ մտցնել հենց Մովսես Հակոբյանին՝ իբրև հակակշիռ Վիտալի Բալասանյանի…