Այն մարդիկ են խոսում վիրավորանքներից, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, որով նա դիմում էր Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն զգուշացնի՝ դատարան մտնելիս ու դուրս գալիս իրենց չվիրավորեն։
«Կարծիք է ձեւավորվել, որ աջակիցների հետ կապված որոշումներ ընդունողը ես եմ կամ իրենց ինչ-որ բան ասող կամ չասողը ես եմ։ Այդպես չէ։ Երկրորդ՝ հենց այսօր դատարան մտնելուց ինձ վիրավորեցին մյուս կողմի աջակիցները, քիչ առաջ էլ մեկը ինձ վիրավորեց, մշտական բնույթ է կրում, ես ոչ էլ պատասխանում եմ, նենց բաներ են ասում, որ պատասխանելու էլ չի, դրա կարիքն էլ չեմ տեսնում»,-նշեց նա։
Լեւոն Քոչարյանի կարծիքով՝ զավեշտը նրանում է, որ այն մարդիկ են խոսում վիրավորանքից, որոնք դրա հիմքերում են․ «Վանկարկումներ են լինում «մարդասպան», ինչու են վանկարկում, եթե մեղադրանքում սպանության հետ կապված հարց չկա, պարոն Քլոյանը 2009 թվականին տված հարցազրույցում ասում է դուրս էինք եկել փողոց, որ թուրքի լամուկների հախից գանք։ Այսինքն ովքեր են խոսում վիրավորելուց, այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած։ Բա եթե մենք խոսենք, մեզ ինչպես են ուզում վիրավորել ու ինչ կարգի ստեր ու հերյուրանքներ են տարածել։ Իհարկե, ոչ ոքի պետք չէ վիրավորել, ես հորդորում եմ այն մարդկանց, որ մեզ են աջակցում, թող չվիրավորեն, եթե իմ խոսքը ինչ-որ ազդեցություն կունենա, թող չվիրավերոն, բայց դա ասում են մարդիկ, որոնք սրա հիմքերում են, զավեշտը դրանում է»։