Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում, հայտնում է Shamshyan․com-ը։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։
Ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նշված մասնաճյուղի ապակե դռան փականը՝ կոտրված, երբ հանցագործները, մտնելով ներս, փորձել են գողություն անել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում իրենց գործն ավարտին չեն հասցրել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ա․-ն է, որը քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկան», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։ Ավելի ուշ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճը, որը, ըստ նախնական տեղեկությունների, ոստիկանության ծառայողի նախազգուշական կրակոցից է մնացել։ Քննիչի որոշմամբ ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը փաթեթավորել է հայտնաբերված պարկուճը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած մյուս 2 հանցագործների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։