Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խոստովանել է, որ իր նստավայրում ընկնելուց հետո հիշողությունը ժամանակավորապես կորցրել էր: «Ես ընկա մեջքիս վրա, հարվածն ուժգին էր»,- ասել է պետության ղեկավարը, փոխանցում է RG-ն:

Բոլսոնարուն ընդգծել է, որ հիշողության խանգարումը կարճաժամկետ բնույթ է ունեցել: «Փառք Աստծուն, ամեն ինչ անցել է»,- բրազիլացի առաջնորդի խոսքը մեջբերել է Band հեռուստաալիքը: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ ներկայումս իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահն անհաջող սայթաքել եւ ընկել էլ Ալվորադի պալատի պաշտոնական նստավայրում: Նրան տեղափոխել էին զինվորական հոսպիտալ: Բուժհաստատությունում կատարել էին գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Ոչ մի փոփոխություն չէր հայտնաբերվել: Չնայած բժիշկների խորհուրդներին, Բոլսոնարուն, սեփական խոստովանությամբ, նույն օրը մի քանի աշխատանքային հանդիպումներ էր անցկացրել: