4rd.am-ի տեղեկություններով, երեկվանից ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում Արամ Վարդանյանի (Վստրեչի ապեր) մերձավոր շրջապատի նկատմամբ:

Ականատեսների վկայությամբ, իրավապահ մարմինները բերման են ենթարկում Ա. Վարդանյանի հետ առնչություն ունեցող քաղաքացիների:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Արամ Վարդանյանի հետ, որը հայտնեց, որ զբաղված է և միայն մի քանի նախադասություն փոխանցեց.

«Երեկվանից տեռոր է սկսվել իմ շրջապատի և հարազատների հանդեպ: Դա կապում եմ երեկվա ստահոդ լուրերի, ընտանիքների մասին հայտարարությունների հետ: Նաև ցանկանում եմ ասել, թե ով, ում ընտանիքի մասին հերյուրանքներ տարածի, սբապիղծ է, վիժվածք: Ով էլ ինձ կասկածի նման արարքներում, լրիվ տեղավորվում է իմ բնորոշումների ներքո:

Երեկվա իմ հայտարարություններից հետո ինչ-որ շեղումներ, հոգեկան խանգարումներ սկսվեցին ոստիկանական համակարգում: Առավոտվանից տեռոր են իրականացնում իմ շրջապատի նկատմամբ: Թե ով է ոստիկանական համակարգին գցել շեղումների մեջ, չգիտեմ:

Իմ 60-ամյա եղբորը, որը բազմիցս վիրահատվել է, և ունի 12 սրտի ստենդ, գցում են ցեխերի մեջ, 15 հոգով ջարդելով տանում ոստիկանություն, հետո ասում են՝ խնդիր չկա, գնա: Նույնը անում են եղբորս որդու հանդեպ: Իմ շրջապատի երիտասարդների հանդեպ կրկին նույնկերպ են վարվում: Այդ բոլորը՝ հեչ: Տանում են մի մարդու, որը 15 օր առաջ կորցրել է երիտասարդ եղբորը: Սգի մեջ գտնվող մարդուն տանում են ջարդելով: Դա սրբապղծության վերջին ստադիան է: Ես հասկանում եմ, թե ինչու են այդպես վարվում: Անում են, որպեսզի ես հունից դուրս գամ: Բայց ես ոչ նման սադրանքների, ոչ էլ նման սադրիչ գործողությունների չեն տրվելու:

Ով ինչ անի, վերջում վերադառնալու է իրեն: Կյանքը բումերանգ է, վերադառնալու է իրենց ու իրենց ընտանիքի անդամներին: Խորհուրդս՝ իզուր ժամանակ և բենզին չծախսեն: Ես կոտրվող տեսակ չեմ, իսկ պետությունն ունի ավելի կարևոր խնդիրներ, թող գնան, դրանով զբաղվեն: Էն բեղավոր պաշտոնյան, որ օժանդակեց մարդ սպանելուն, հիմա էլ ցանկանում է, որ ես հուներից դուրս գամ: Չեմ դուրս գալու»,- եզրափակեց Արամ Վարդանյանը: