ԱԽՔ ղեկավար Արմեն Գրիգորյանը երեկ երկու սկանդալային հայտարարություն է արել, որոնք քննարկման առարկա են դարձել հանրության կողմից: Նախ՝ Գրիգորյանը հայտարարել է, որ Աերժ Սարգսյանն իր բազմաթիվ հարցազրույցներում պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին: «Կարող եք նայել ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցները: Երբ նրան դրա համար մեղադրել են, հիմք եղել է, մեր կառավարությունն այդ մասով հրապարակային ասել է այն, ինչ կատարվում Է»,- ասել է Արմեն Գրիգորյանը: Մյուս հայտարարությունը վերաբերվում էր նրան, որ Հայաստանում փաստացի հեղաշրջման փորձ է կատարվել, և արդյունքում եղել են պաշտոնանկություններ:
 
Համաձայնեք, երկու հայտարարություններն էլ, մեղմ ասած, սկանդալային են: Սակայն, ուշագրավն այն է, որ թե՛ ՀՔԾ-ն, թե՛ ԱԱԾ-ն փաստացի հերքել են Գրգորյանին՝ հայտարարելով, որ ՀԺ-ի հայտնի հոդվածը ուսումնասիրելուց հետո քրեական գործի հարուցման որևէ հիմք չեն գտել: Ստացվում է՝ չկար նաև հեղաշրջման փորձ: Իսկ եթե անգամ նման դեպք եղել է, ապա իշխանությունները պարտավոր են նշել անուններ, մեղավորներ, հակառակ դեպքում՝ սա պարզ քաղաքական տեխնոլոգիա է և մանիպուլյացիա: Նույնը կարելի է ասել հողերը հանձնելու պնդման մասին: Իհարկե, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը պաշտոնապես է հայտնել իր այդ մտադրության մասին: Ավելին, բոլորս էլ հիշում ենք Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածք հանձնել:
 
Ընդհանրապես, Գրիգորյանը այն կալիբրի պաշտոնյա է, որին նման օդում արված հայտարարությունները հարիր չեն: Իսկ վերջին երկու հայտարարությունները բնավ էլ առաջին դեպքը չէին: Հիշում ենք, թե ինչպես Գրիգորյանը հայտարարեց, որ շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու, աշխատանքների ավարտի վերջնաժամկետն էլ, ըստ նրա, 2020 թվականն էր: Այնուհետև պարզվեց, որ այդ նախագիծը ընդամենը գաղափարի մակարդակում է: Գրիգորյանն էր, որ «Ազատության» եթերում հայտարարում էր, թե իշխանություններին Սերժ Սարգսյանը սպառնում է ՍԴ-ով և Ստեփանակերտով: Այդ դեպքում, ինչո՞ւ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող պրոցեսներում Սարգսյանի անունը ընդհանրապես չի հիշատակվում և վերջինս մեղադրվում է ընդհանրապես այլ՝ շատ ավելի մեղմ հանցանքների մեջ: Հիշում ենք նաև, թե ինչպես էր Գրիգորյանը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին խուլիգան անվանում, ինչը միանշանակ հարիր չէ նման բարձրաստիճան պաշտոնյային:
Գրիգորյանին բազմաթիվ կիքսեր են ներվել, սակայն, եթե վերջինս շարունակի օդում հայտարարություններ անելու իր պրակտիկան, վարչապետի համբերությունը կարող է նաև սպառվել և ի վերջո հենց Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու Նիկոլ Փաշինյանի կաբինետի հեղինակությունն է անկում ապրում իր բարձրաստիճան կադրի յուրաքանչյուր նման սայթաքումից հետո…