«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կառֆուր» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ «Կառֆուրն» իր մասնաճյուղը պետք է բացեր «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետի նկուղային հարկում, սակայն դրա սեփականատերը, նույնիսկ այդ մասին համաձայնագիրը կնքելուց հետո, հրաժարվել էր տարածքը տրամադրել ֆրանսիական ընկերությանը:
Եվ այժմ իշխանությունները որոշել են՝ Ս. Ալեքսանյանն իր գործող խանութների ցանցը պետք է վաճառի «Կառֆուրին»: Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի ՀՀ իշխանությունների կողմից: Նշենք, որ համաշխարհային հայտնի բրենդ «Կառֆուրն» ինքն է ներկրելու իր վաճառքի կետերում իրացվող ապրանքը: Իսկ այդ ընկերությունը իր խանութներում վաճառում է լայն սպառման ապրանքների մեծ տեսականի՝ սկսած սննդից մինչև տեխնիկա, հագուստ, սպասք և այլն: «Կառֆուրի» այսպիսի լայնածավալ մուտքը Հայաստան լուրջ մրցակցություն կառաջացնի լայն սպառման ապրանքների թե ներկրման և թե իրացման շուկաներում: Իսկ դա իր հերթին կբերի որոշակի գնանկման: Կարծիք կար, թե խոշոր ներկրողներն ու իրացնողները խոչընդոտում են այդ ընկերության մուտքը մեր երկիր:
Հիշեցնենք, որ մեր երկրում լայն սպառման ապրանքների, հատկապես սննդի ներկրումն ու իրացումը մենաշնորհների ձեռքին է՝ զգալի մասը վերահսկում է նույն Ս. Ալեքսանյանը, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ում անունը նույնպես նշվում էր «Կառֆուրի» մուտքը կասեցնողների ցանկում: Այդ պատճառով ապրանքների գները որոշվում են ոչ թե շուկայական մրցակցության արդյունքում, այլ ներկրողների և իրացնողների ցանկությամբ:
Նշենք, որ Ս. Ալեքսանյանի «Երևան Սիթի» հսկա սումերմարկետների և հիպերմարկետների ցանցն առկա է Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում: Որտեղ բացվել է «Երևան Սիթիի» մասնաճյուղը՝ այնտեղ փակվել են տասնյակ փոքր խանութներ ու կրպակներ: Եվ եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ «Կառֆուրը» գնի Ս. Ալեքսանյանի այդ հսկայական խանութների ցանցը և միանգամից այդպիսի լայն ներգրավվածությամբ մուտք գործի ՀՀ շուկա, նշանակում է, որ նրանք վերջապես որոշել են ներկրման ու իրացման շուկան ապամոնոպոլիզացնելու քաղաքական կամք դրսևորել:
Այս ընթացքում «Կառֆուրի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀՀ կառավարության հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ընկերությունը սկսի գործել Հայաստանում: