Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, Facebook-ի իր էջում պատմել է Բաքու այցելած Լապշովների ընտանիքի մասին, որոնք այնտեղ խնդիրներ են ունեցել ազգանվան պատճառով:

«Լապշովների ընտանեկան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք անգամ պատկերացնել չէին կարող, թե ինչ է իրենց սպասվում մեծ նավթի երկրում: Գալիս են Բաքվի օդանավակայան, գնում դեպի անձնագրային ստուգման կետ, իսկ այնտեղ նրանց կանգնեցնում են, վերցնում անձնագրերն ու հեռանում: Հետո հարցնում են' «Դուք Լապշիննե՞րն եք», նրանք պատասխանում են «Ոչ, մենք Լապշովներն ենք»: Ադրբեջանցի սահմանապահները վազվզում են այսուայն կողմ, ինչ-որ տեղ են զանգահարում: Իսկ զույգը չի էլ կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Այստեղ պետք է ընդգծել, որ նրանք երբեք չէին լսել իմ մասին, ոչինչ չգիտեին իմ' Ղարաբաղ այցելության համար Մինսկում ձերբակալության և Բաքու արտահանձնման մասին, ոչինչ չգիտեին ինձ սպանելու փորձի մասին: Ադրբեջանցիները չեն հանձնվում. «Լապշովներ, Լապշիններ... դուք հաստա՞տ Լապշինները չեք: Իսկ Լապշինը ձեր ի՞նչն է»: Դե ոչ, մենք Լապշովներն ենք, ոչ մի Լապշինի չենք ճանաչում»,- գրել է բլոգերը:
Ի վերջո, նրանց բաց են թողնում, նրանք մի քանի օր Բաքվում են մնում, բայց, միևնույն է, բացասական նստվածքը մնում է:

«Վերադառնալով տուն' նրանք ցանկացել են համացանցում փնտրել և իմանալ' այդ ինչ խորհրդավոր Լապշին է, որի պատճառով Բաքվի օդանավակայանում բոլոր սահմանապահները խուճապահար վազվզում և ինչ-որ տեղ էին զանգում: Նրանք հեշտությամբ գտել են իմ բլոգն ու կարդացել, թե բանն ինչումն է: Այդպես էլ մենք ծանոթացանք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ և լուսանկարվեցին' հիշելու համար» ,-գրել է բլոգերը:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: