2020 թվականի փետրվարին Անտարկտիդայում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 18.3 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը ռեկորդային է սկսած 1961 թվականից: Այս մասին հայտնել է Արգենտինայի ազգային օդերեւութաբանական ծառայությունն իր Twitter-ում:
Ռեկորդային տաք եղանակ է գրանցվել Էսպրանսա գիտական կայանում փետրվարի 6-ին: Մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանը համարվում էր 17.5 աստիճանը, որը գրանցվել էր 2015 թվականի մարտի 24-ին:
Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է մեկ այլ կայանում՝ Մարամբիոյում: Այստեղ փետրվարի 6-ին ջերմաստիճանը կազմել է 14.1 աստիճան, ինչն առավելագույնն է համարվում 1971 թվականից սկսած: Նախորդ ռեկորդը եղել է 13.8 աստիճանը, որը գրանցվել է 2013 թվականի փետրվարի 24-ին:
Մարամբիոյում փետրվարին այդպիսի բարձր ջերմաստիճանը լուրջ անոմալիա է, ասել է օդերեւութաբանական կենտրոնի ղեկավար Մաուրիսիո Նիկոլաս Լաուրիսին: Նրա խոսքերով, փետրվարին միջին ջերմաստիճանը պետք է լինի ընդամենը 1 աստիճան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: