Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ'
Արցախի Պահպանողական կուսակցությունը'16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը'62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը' 20 թեկնածուների,
« Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը' 33 թեկնածուների,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը' 33 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը' 35 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք' «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը' 65 թեկնածուների ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին' Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:
Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ' ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում: