Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը առիթը չի կորցնում ՀԴՄ պահանջելու հորդորը կրկնելու համար, այս ոլորտում դեռ ամեն ինչ չէ, որ կարգավորվել է: Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել էր, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված 25․000 «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավել բարձր գնով, նաև որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավելի։ «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Սմարթ Սոլյուշնս» ընկերությունն է, որի միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: Այս ընկերության բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։ Շանթ Եղիազարյանն աշխատում է Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, իսկ Գոռ Անանյանը Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։
 
Սակայն, այս ընկերությունը միակը չէ շուկայում, որ մատուցում են հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկման ծառայություններ: Դրանցից մեկը, օրինակ, «Տոչ-Մաստեր» ընկերությունն է:
Շուկայում գործում է նաև «Մերի-Քրիստ» ՍՊԸ-ն.
«ՀԴՄ-Շտրիխ» ՍՊԸ-ն.
«Վառնա-Թրեյդը», որը պատկանում է Բուլղարիայի քաղաքացու.
«Ինտեր Օկտավա» ՍՊԸ-ն
 
Տարակուսելի զուգադիպությամբ, մեր երկրում ՀԴՄ սարքերի իրացմամբ և սպասարկմամբ զբաղվող տարբեր անվանում կրող ընկերությունների սեփականատերերը կրում են նույն ազգանունը: Սա արդեն իսկ ուշադրության արժանի հանգամանք է, որը, սակայն, կարծես թե այնքան էլ չի մտահոգել դաշտը համակարգող պատկան մարմիններին: