Կորոնավիրուսի համաճարակի մեծ տարածման պատճառով տուրիստական արդյունաբերությունը կարող է կորցնել 22 միլիարդ դոլար։ Նման եզրահանգման եկել է Տուրիզմի և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի ղեկավար Գլորիա Գևարան։
«Ճգնաժամն այս սեկտորի վրա կարժենա առնվազն 22 միլիարդ դոլար կամ ավելի քան 20 միլիարդ եվրո։ Առավել մեծ ազդեցություն, ակհայտորեն, այն ունեցել է Ասիայի վրա, մասնավորապես՝ Չինաստանի։ Այնտեղ տուրիզմը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը, որը վերջին տարիներին մեծ աճ է գրանցել»,- հայտնում է Գլորիան։
Տուրիզմի և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի կատարած հաշվարկների ու ուսումնասիրությունների հիմքում ընկած են տվյալներ, որոնք գրանցվել են համաշխարհային զբոսաշրջային նախկին ճգնաժամների ժամանակ։ Դրանք էլ իրենց հերթին կապված են եղել խոզի գրիպի և ատիպիկ թոքաբորբի հետ։
Այս նախնական տվյալը հակում ունի աճելու երկու կամ երեք անգամ։ Սրա մասին նախազգուշացնում են Oxford Economics-ի մասնագետները։
Առաջին անգամ կորոնավիրուսի համաճարակի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Հիվանդության էպիկենտրոն է դարձել Չինաստանի Հուբեյ շրջանը։ Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վարակի զոհերի թիվը հասնում է 2800-ի, ապաքինվել է ավելի քան 36 հազարը։ Բացի Չինաստանից՝ առավել շատ վարակվածների թիվը գրանցվել է Իտալիայում, Իրանում և Հարավային Կորեայում։