Հայուհիները՝ Գերմանիայում կայացած հրուշակագործական օլիմպիադայի հաղթողներ։

Showbiz.am-ը գրում է․ Բնականից չտարբերվող, բայց քաղցր հումքից պատրաստված ծաղիկներն ու բույսերը, շքեղ ձևավորումներով տորթերը Իսկուհի Համբարձումյանի օրվա մեծ մասն են:

Տիկին Համբարձումյանն ու իր աշակերտները՝ Սեդա Մազմանյանը, Մելանյա Սիմոնյանը, Կարինե Շիրինյանը, Մարինե Խալաթյանը մասնակցել են Գերմանյայի Շտուտգարտ քաղաքում կայացած Հրուշակագործական և Խոհարարական ավեստների օլիմպիադային, որին մասնակցում էին 75 տարբեր երկրների ներկայացուցիչներ:

Նրանք պատվով ներկայացրել են Հայաստանն ու իրենց տաղանդի շնորհիվ նվաճել 7 մեդալ՝ 3 ոսկե, 2 բրոնզե և 2 արծաթե:

Հրուշակագործությունը Համբարձումյանի համար յուրահատուկ արվեստ է, և իր գործերը կարծես բնությունից պոկված մասնիկներ լինեն: Տիկին Իսկուհին ապրում է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում և աշխատում է քաղաքի լավագույն հրուշակագործական ֆաբրիկաներից մեկում, որպես ավագ մասնագետ: Տասը տարի շարունակ նա գալիս է Հայաստան ու դասավանդում հրուշակագործական նոր բաղադրատոմսեր ու մոտեցումներ:

Իսկուհի Համբարձումյանը պատմել է, որ դեռ դպրոցական տարիքից սկսել է հետաքրքրվել հրուշակագործությամբ, ու արդեն հասուն տարիքում, մասնագիտությամբ տնտեսագետ Իսկուհին ստացավ որպես հրուշակագործ իր առաջին մրցանակը Կիև քաղաքում:

«Այս մրցույթում 3 աշխատանքներով եմ ներկայացել, որոնցից մեկը կարապի տեսք ուներ, ես այն կոչել էի «Հարսանյաց երջանկություն», երկրորդը անտառային տեսարան էր, որն անվանել էի «Անտառային կույս», 3րդ աշխատանքս կոչվում էր «Միլեդի»: Բոլորը պատրաստված էին քաղցր ծաղիկներից»- պատմում է տիկին Իսկուհին: