Մինչ Թավշյա հեղափոխության հաղթանակը՝ ընդդիմադիրներն ամեն կերպ համոզում էին հանրությանը, որ այսպես կոչված արագաչափերի բիզնեսը պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Հեղափոխությունից հետո, սակայն, ճանապարահային ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արագաչափ սարքերն ու տեսախցիկները պատկանում են Սաշիկ Սարգսյանին: Չնայած, որ վերջինիս անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմի» տնօրինությանը փռեցին ասֆալտին, այս ընկերությունը շարունակում է գործել և ստանալ շահույթ: Պետռեգիստրում այս ընկերության սեփականատերն, իհարկե, այլ անձ է:
«Սեքյուրիթի Դրիմի» հետ մեկտեղ շուկայում գործում է «Էլիպս» ընկերությունը:
Թեև այս ընկերությունները հանդիսանում են շուկայում գերիշխող դիրք ունեցող, քաղաքում արագաչափերի հավատարմագրային կառավարումը հանձնված է հենց նրանց, սակայն շուկայում առկա են նաև այլ ընկերություններ, որոնք թերևս փորձում են մրցակցություն կազմել վերոնշյալներին: Այդպիսի ընկերություններից մեկը՝ «Գրիման» ՍՊԸ-ն է, որի գլխավոր հաշվապահ է ժամանակին եղել «Իմ Քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը:
Մյուս ընկերությունը «Դեվելոփ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, որը, պետռեգիստրի համաձայն, գրանցված է Արտակ Հովհաննիսյանի անունով:
Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը նոր է գրանցվել, արդեն իսկ հասցրել է մի շարք տենդեռներ շահել:
 
Շուկայում գործում է նաև «Էլկոմպ» ընկերությունը, որի բաժնեմասի 50 տոկոսը պատկանում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի կնոջը՝ Ռոզա Կարապետյանին: 2019 թվականի փետրվարի 4-ին 50 տոկոսով Արշակ Կարապետյանի կնոջը պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ կնքում է մատակարարման չորս պայմանագիր: Սակայն, դրանով այս ընկերության շահած տենդեռները չեն սահմանափակվում: