Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիճակագրական տվյալները փաստում են, որ նոր տեսակի կորոնավիրուսից առավել պաշտպանված խումբը երեխաներն ու դեռահասներն են: Նրանք շատ հազվադեպ են վարակվում, գրում է iz.ru կայքը:

Փորձագետներն ուսումնասիրել են Covid 19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 000 դեպք, որոնք գրանցվել են մինչ փետրվարի 11-ը: Համաձայն այս տվյալների՝ 0-10 և 10-19 տարիքային խմբերում հիվանդության մակարդակը կազմել է մեկական տոկոս:

Սեչենովսկի համալսարանի արևադարձային հիվանդությունների բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշովի կարծիքով՝ այս հարցը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի:

«Շատ հնարավոր է, որ վարակն իրոք այնքան էլ վտանգավոր չէ երեխաների համար, բայց դեռևս այդ առումով տեղեկությունը բավարար չէ»,-նշել է Լուկաշովը:

Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի կենսաբանության և կենսաբժշկության ինստիտուտի տնօրեն Մարիա Վեդունովան կարծում է, որ երեխաներն ու դեռահասները իրոք լավ են պաշտպանված նոր կորոնավիրուսից, իսկ ռիսկային խմբում գտնվում են տարեց մարդիկ:

«Մարդու իմունային համակարգը տարիքի հետ թուլանում է և ավելի հեշտ է ընդունում վարակները: Խրոնիկ հիվանդությունների առկայությունն էլ հաճախ ծառայում է որպես սրացման պատճառ»,-պատմել է Վեդունովան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից: