Այսօր մի խումբ մասնագետներ լրագրողների ներկայությամբ քննարկել են Հայաստանի տնտեսության համար կարևոր հարցերից մեկը՝ Կարֆուրի մուտքը Հայաստան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը նշեց, որ Կարֆուրի հետ կապված էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի խնդիր չի տեսել ու չի տեսնում, խնդիրը ավելի շատ բիզնես միջավայրի ներսում կատարվող խնդիրներն են: «Հույս ունենք, որ տարվա վերջում կտեսնենք այդ բանակցությունների արդյունքները, իսկ էկոնոմիկայի նախարարությունը միշտ պատրաստ է հնարավորությունների չափով աջակցել բոլոր խոշոր մրցակիցներին»,- ասաց նա՝ հավելելով, որ Կարֆուրի մուտքը Հայաստան դրական փոփոխություններ կբերի, մրցակցային դաշտը կաշխուժանա, նաև արտահանման ու ներմուծման շուկայում կլինի աշխուժություն: Կան հույսեր, որ մինչև տարվա վերջ այն արդեն Հայաստանում կլինի:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կարֆուրի հարցը այսքան բարձրացվում ու մանավանդ՝ քաղաքականացվում, որովհետև Հայաստանը ունի համապատասխան օրենսդրություն և չկա արգելակման որևէ տարբերակ: Իսկ ինչ վերաբերում է բիզնես միջավայրի արձագանքին' բնականաբար, առաջ է գալիս լուրջ խաղացող, որը որոշակի անհանգստություն կարող է առաջացնել մրցակցային խնդիրների հետ կապված, սակայն պետությունն այստեղ որևէ դերակատարում չունի:

«Լինել գերիշխող դիրքում, բայց թույլ չի տալիս գերիշխող դիրքի չարաշահում: Այնպես որ, Կարֆուրի գալը Հայաստան սովորական, նորմալ, որոշակի առումով՝ ուրախալի երևույթ պետք է լինի, որ հեղինակավոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանով»,- ասաց Վարդան Այվազյանը: Այն հարցին, թե ինչո՞ւ է Կարֆուրի հարցը բախվում Սամվել Ալեքսանյանի հետ, նա կրկին նշեց, որ իր համար ցավալի է, որ Կարֆուրի հարցին այդքան կարևորություն է տրվում, այնինչ այն ընդամենը մի փոքր սուբյեկտ է տնտեսության մեջ:

«Ես լսել եմ Սամվել Ալեքսանյանից, որ ինքը պատրաստ է վաճառելու իր տարածքները»:

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ ազատ մրցակցությունը այլընտրանք չունի, Կարֆուրը կբերի ազատ մրցակցություն, իսկ կառավարությունն էլ ունակ է իրականացնել քաղաքականություն՝ պաշտպանելու տեղական արտադրողին: «Մեր գնողները շատ լավ են ճանաչում մեր արտադրանքը, չեմ կարծում, որ մեր սպառողը կգերադասի արտասահմանյան ապրանք: Բայց այն, որ տեսական արտադրողն էլ պետք է ձգված լինի և ձգտի առավել որակյալ արտադրանք թողարկել, որպեսզի դիմանա մրցակցությանը, դա այդպես է»,- ասաց Վազգեն Այվազյանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը երկու վտանգ է տեսնում այս հարցում. օլիգարխիկ մոնոպոլիզացված տնտեսությունը շատ վախկոտ է իրականում, վախենում է ցանկացած արտաքին մրցակցությունից, քանի որ սովոր էր տեղական արտադրության մեջ կանաչ գորգ ունենալ, բայց դա, ըստ Հ.Մեսրոբյանի, անընդունելի վիճակ է: Երկրորդ վտանգը հետևյալն է' պատկերացնենք, որ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված չէ,և երբ խոշոր մրցակից է մտնում, այդ դեպքում պետությունը պետք է իր ներքին տնտեսվարող սուբյեկտին պաշտպանի:

«Լոլոներ են կարդում, թե մաքուր շուկայական հարաբերություններ են Հայաստանում, բայց իրականում այդքան էլ մաքուր չեն: Եկեք խոսենք իրական Հայաստանի մասին»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի Սիրունյանը, ով հեռուստակամուրջով մասնակցում էր Փարիզից, նշեց, որ գործարարը պաշտպանված չէ Հայաստանում, քանի որ Հայաստանում օրենք չի աշխատում, ուրեմն որևէ մեկը չի կարող լինել պաշտպանված: «Պետք չէ սուտ խոսել, Հայաստանում տնտեսություն չկա: Կարֆուրը շաքար պետք է բերի, ինչպե՞ս է բերելու, եթե շաքարը մոնոպոլիզացված է: Ասե´ք խնդրեմ»,- ասաց Վալերի Սիրունյանը, ինչին արձագանքեց Վարդան Այվազյանը. «Կարող եմ հայտարարել' ներկա պարագայում' ո´չ, շաքարը մոնոպոլիզացված չէ: Էտ ե՞րբ եք ցանկացել շաքարի բիզնեսով զբաղվել, որ ձեզ չեն թողել»: