Ամբողջ աշխարհում հայտարարված համաճարակի պատճառը՝ կորոնավիրուսը, Հայաստան հասնելուն պես մտահոգության մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գտնվողներին իրազեկելու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի հետ:
«Կորոնավիրուսը շնչառական մյուս վարակների ու հիվանդությունների պես իսպառ չի վերանալու, գրիպի մյուս տեսակների նման այն ունենալու է սեզոնայնություն, և ժամանակ առ ժամանակ սրվելու է: Աշխարհում մարդկանց 80 տոկոսի մոտ վիրուսի A սիմպտոմն է, այս դեպքում մարդը հոսպիտալացման կարիք չի ունենում: 15 տոկոսին հարկավոր են լինում բժշկական օգնություն, իսկ մյուս 5 տոկոսի դեպքում վիճակը փոքր-ինչ բարդանում է, և պահանջվում են բժշկական ավելի լուրջ միջոցառումներ»,- ասում է բժիշկը:
Հաճախ ենք լսում, որ ի տարբերություն գրիպի մյուս տեսակների, կորոնավիրուսը առավել վտանգավոր է մեծահասակների համար: Այս պնդման հետ համաձայն է նաև բժիշկ Հմայակյանը:
«Այո՛, ի տարբերություն գրիպի տեսակների, կորոնավիրուսը վտանգավոր չէ հղի կանանց և մանկահասակ երեխաների համար: Կորոնավիրուսը մարդու օրգանիզմ անցնում է աչքի լորձաթաղանթից, քթից, բերանի խոռոչից: Կրոնավիրուսի «ձեռքը բռնած» մեր օրգանիզմ վարակը տանում են մեր թոքերի վրա գտնվող AC2 ընկալիչները, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր քանակի են լինում՝ անկախ սեռից: Նշված ընկալիչները տարիքի հետ են շատանում, փոքր երեխաների մոտ սակավաթիվ են: Փաստորեն, որքան տարիքը մեծ է, այդքան շատ են ընկալիչները, որոնք պատրաստ են ներս հրավիրել կորոնավիրուսը: Մեծահասակների մոտ վարակի բարդություններով ուղեկցված լինելը մեծամասամբ սրանով է պայմանավորված, սրան են գումարվում նաև նրանց՝ արդեն իսկ ունեցած հիվանդությունները»:
Անդրադարձանք նաև հայ հասարակության մեջ տարածված խորհուրդներին, մարդիկ միմյանց խորհուրդ են տալիս ալկոհոլ, սոխ-սխտոր օգտագործել, նաև ծխել: Առավել հումորասեր քաղաքացիները Գագիկ Սուրենյանից պահանջում էին բարձրացնել երկրում օդի ջերմաստիճանը, քանի որ, ըստ տարածված լուրերի, այդ դեպքում վիրուսը կոչնչանար:
«Լավ տարածված միֆեր են: Ալկոհոլը մեզ այս վիրուսի դեպքում պետք է միայն ձեռքերը մշակելու համար: Ալկոհոլ ընդունելը կորոնավիրուսի դեմ պայքարի անարդյունավետ միջոց է, մի քանի երկրում նույնիսկ թունավորման դեպքեր են եղել: Ծխելու հետ կապված միֆը ևս պետք է ոչնչացնեմ ու ասեմ, որ ծխող մարդկանց շնչառական օրգանները վնասված են և նրանք ավելի անկայուն են նման վիրուսների նկատմամբ: Միֆերից մեկն էլ, այո, կապված է եղանակի տաքացման հետ: Իրականում Կորոնավիրուսը վախենում է ոչ թե բարձր ջերմաստիճանից, այլ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Միայն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է վիրուսը ոչնչանալ»:
Միֆերի մեջ, փաստորեն, չեն մտնում սոխն ու սխտորը, դրանք անտիբիոտիկներ են և իսկապես մեծ նշանակություն կարող են ունենալ յուրաքանչյուր բակտերիայի վրա:
«Իմունիտետը խթանող դեղորայք պետք չէ օգտագործել, դրա փոխարեն օգտգործեք իմունհամակարգն ամրապնդող մթերքներ, որոնք նաև հակաբակտերիալ հատկություններով են օժտված, օրինակ՝ կիտրոն, կիվի, դարչին, մեխակ, մեղր, մասուր, իհարկե՝ սոխ, սխտոր, որոնք իրական և անփոխարինելի անտիբիոտիկներ են»:
Բժիշկը խորհուրդ է տալիս նաև սթրեսներից հեռու մնալ, դրանք անկայուն են դարձնում մեր օրգնիզմի աշխատանքը:
«Անկեղծ եմ ասում՝ սթրեսները ապակայունացնում են մեր իմունհամակարգը, թուլացնում մարմինն ու օրգանիզմի՝ վարակներին դիմակայելու հատկությունը: Եկեք տեղյակ լինենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում մենք ունենում ենք դող, մրսելու զգացողություն, մարմնի բարձր ջերմաստիճան, 3-4 օր կոկորդի ցավ, չոր հազ, փռշտոց, հևոց: Կարևորը հանդարտություն և գիտակից վարք դրսևորելն է, վատ զգալու դեպքում էլ անպայման բժշկի դիմելը: Եթե ձեզ մեկուսացրել են, կամ կմեկուսացնեն, հիշեք՝ դա չի նշանակում, որ դուք վատ վիճակում եք, պարզապես վարակի հետագա տարածումը կանխելու լավագույն միջոցն է դա»:
Բժիշկը, կայուն վարքի դրսևորումից բացի խորհուրդ է տալիս նաև չափից շատ հետևողական լինել հիգիենայի կանոններին:
1. Ախտահանեք ձեռքերը, անձնական իրերը՝ հատկապես հեռախոսը: (Վիրուսը մետաղի վրա պահպանվում է 12 ժամ, այլ հյուսվածքների վրա 6-12 ժամ, ի դեպ նաև հեռախոսի վրա: Ձեռքերի վրա պահպանվում է 5-10 րոպե):
3. Կոկորդի ցավի դեպքում դիմեք ինֆեկցիոն հիվանդանոց:
4. Հաճախ տաք ջուր (հեղուկ) խմեք: