Իշխանության ներկայացուցիչների հետ երեկ՝ մարտի 16-ին, Ազգային ժողովում փակ հանդիպմանը հրավիրած է եղել նաև Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վարդան Արամյանը հաստատեց տեղեկությունը, ապա ավելացրեց՝ ստեղծված իրավիճակում հարկավոր է համախմբվել և օգնել միմյանց. «Ներկա իրավիճակում նախկիններ-ներկաներ բաժանարար դնելը կարծում եմ՝ ճիշտ չէ, քանի որ խոսքը մեր երկրի մասին է: Այս իրավիճակում պետք է փորձենք օգնել մեկս մյուսին: Չի կարելի ասել՝ կառավարությունն անճար է, դիմել է օգնության»,- ասաց նա:

Թե ինչ հարցեր են քննարկվել, արդյոք դրանք վերաբերել են կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական զարգացումներին՝ հարցին Արամյանը դրական պատասխան տվեց:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկմանը հրավիրված են եղել նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ «իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը»: Մտադիր են ձևավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից: