ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել պարգևատրումների մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով' կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», - ասված է կարգադրության մեջ:

Նշենք, որ կարգադրության մեջ պարգևատրման չափ նշված չէ։

Մարտի 24-ի որոշմամբ էլ ԱԺ նախագահը կարգադրություն էր ստորագրել, որով նախատեսվում էր պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով:

Այս կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարտավորվում է պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվեհամարին: