ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել և մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը:

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների շնորհիվ ստացել են երկրորդ կյանք և ամբողջապես պատրաստ են օգտագործման:

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման և թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների և բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն և դետալները, որոնք պետք է ներկրվեին այլ երկրներից:

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչև նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման, սարքերի վերանորոգման և դետալների արդիականացման գործում, անհրաժեշտության դեպքում՝ ստեղծել ինժեներական խմբեր կամ միանալ արդեն առկա նախագծող և արտադրական խմբերին՝ աջակցելով ինժեներական լուծումների, նախագծման և արտադրության գործում:

Ստացած առաջարկների 58%-ը վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող նախագծերի ներկայացմանը, նորագույն սարքավորումների և ընկերությունների ներկայիս իրավիճակին:

Հայաստանի տեխնոլոգիական 10 ընկերությունների կողմից էլ ստացվել են ծրագիր-առաջարկներ՝ թոքերի օդափոխման սարքերի, ստերիլիզացիոն և շնչառական ապարատների, օզոնատորների և ուլտրամանուշակագույն պաշտպանիչ շերտերի արտադրություն սկսելու վերաբերյալ:

Իրենց աջակցությունն են առաջարկել նաև մեր հայրենակիցները Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից ԱՄՆ-ից։ Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն տրամադրել հայ ինժեներներին՝ ստանալու միջազգային փորձի նմուշներ, մասնագիտական խորհրդատվություններ, հնարավորության դեպքում՝ նաև սարքերի դետալների տեխնիկական նկարագրերի հստակեցում: